
«Աստղային պատերազմների» նոր մասի համաշխարհային դրամարկղային մուտքերը կազմել են 450 մլն դոլար. THR

«Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» ժապավենի համաշխարհային դրամարկղային մուտքերը, դրա լայն վարձույթի մեկնարկից հետո, կազմում են 450 մլն դոլար: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter ամերիկյան հանդեսը:
Ռայան Ջոնսոնի ֆիլմը, որը մեծ ժողովրդականություն վայելող տիեզերական կինոսագայի ութերորդ էպիզոդն է, 220 մլն դոլար է վաստակել ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ մյուս երկրներում՝ միագումար 230 մլն դոլար: Ժապավենը երկրորդ տեղն է զբաղեցրել այն կինոնկարների ցուցակում, որոնք ԱՄՆ-ում եւ Կանադայում ամենամեծ շահույթն են բերել դեբյուտից հետո առաջին օրերին:
Այս վարկանիշում առաջատարն «Աստղային պատերազմների»՝ «Ուժի զարթոնքն» անվանումը կրող նախորդ էպիզոդն է՝ 247,9 մլն դոլար արդյունքով: Կինոնկարն էկրան է բարձրացել 2015 թվականին: «Աստղային պատերազմների» ութերորդ էպիզոդն ԱՄՆ-ոմ եւ Կանադայում լայն վարձույթ է մտել դեկտեմբերի 15-ին: Էպիկական սագան ռեժիսոր եւ սցենարիստ Ջորջ Լուկասի ամենամեծ ժողովրդականություն վայելող ժապավեններից մեկն է դարձել համաշխարհային կինեմատոգրաֆում:
Առաջին ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1977 թվականին, 11 մլն դոլար բյուջեի դեպքում համաշխարհային վարձույթում հավաքել է 775,4 մլն դոլար՝ ապահովելով իր կուլտային կարգավիճակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: