«Սերժ Սարգսյանն ասաց՝ սով, հերթեր, խանութների, պահեստների գրավումներ չեն լինի». Ազատ Արշակյան
«Այդ հարցազրույցում մեր ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերին ընդհանրական գնահատական, պատասխան տրվեց, և այն շահարկումները, որ կային, դրանց նույնպես պատասխան տրվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մասին՝ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խորհրդական Մկրտիչ Մինասյանը:
Նա կարծում է՝ յուրաքանչյուր տարեվերջին ճիշտ կլինի, որ երկրի ղեկավարը խոսի, նաև ներկայացնի հաջորդ տարվա ծրագրերը, որովհետև դա, ըստ Մ. Մինասյանի, երկխոսություն է ժողովրդի հետ:
«Ես շահարկողներից մեկն եմ, ու, եթե այդ շահարկումը չլիներ, ինչո՞ւ պետք է հավաքվեինք քննարկելու: Մի կողմից՝ դա շատ դրական է: ՀՀ նախագահը պետք է հաշվետվություն տար, տարին ամփոփեր Հանրային հեռուստատեսության եթերով, իսկ սա պաշտոնական չէր»,- նշեց ասուլիսին ներկա՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ա. Արշակյանի խոսքով՝ Ս. Սարգսյանն ասաց, որ թանկացում կլինի, բայց դա կառավարելի է լինելու. «Ս. Սարգսյանն ասաց՝ սով, հերթեր, խանութների, պահեստների գրավումներ չեն լինի, թանկ կլինի, բայց մենք մոտավորապես գիտենք՝ ինչ է լինելու»:
«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ որևէ նոր, ուշագրավ բան չի ասել Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ այդ հարցազրույցը կարող էր չլինել. «Միակ բանը, որ հիշվել է, դա ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր առաջարկի արձագանքն էր, որը պիտակներ կպցնելու, ցուցադրելու համար էր, որ տեսեք՝ ես ձեզնից ավելի շատ բան գիտեմ, գլուխ գովելու պես մի բան էր»:
Ա. Սիմոնյանը գտնում է 2018 թվականի հետ կապված՝ Ս. Սարգսյանն արդեն իր մեջ ունի որոշումը՝ կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ. «Կարծում եմ՝ երկու շատ բացասական բան կլինի. առաջինը՝ նա հերթական անգամ իր խոսքին չի հետևի, և շատ մեծ հարված կհասցվի ՀՀ-ի՝ որպես ժողովրդավար երկրի կարգավիճակին միջազգային հանրության աչքերում»: