
Իրանը և ՌԴ-ն երկաթուղային վագոնների արտադրության պարտավորագիր են կնքել

Իրանը եւ Ռուսաստանը երկաթուղային վագոնների արտադրության պարտավորագիր են կնքել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Աբաս Ահունդին:
«Իրանի եւ ՌԴ-ի միջեւ պարտավորագիր է ստորագրվել գնացքների համար վագոնների արտադրություն սկսելու վերաբերյալ»,- հայտնել է Ահունդին՝ Թեհրանում ելույթ ունենալով տրանսպորտային խորհրդաժողովի շրջանակներում: «20 հազար բեռնատար եւ հազար մարդատար վագոն կարտադրվի ռուսական ու իրանական ընկերությունների համագործակցության շրջանակներում»,-նշել է նախարարը: Նրա խոսքով՝ պարտավորագրի ստորագրումից անմիջապես հետո արտադրվելու է 6 հազար վագոն:
Իրանական ԶԼՄ-ները մարտին հայտնել էին, որ ռուսական «Միավորված վագոնային ընկերությունը» (ՄՎԸ) իրանական երեք ընկերությունների հետ պայմանավորվել է Իրանին մատակարարումներ իրականացնելու եւ երկաթուղային վագոնների հավաքման շուրջ: Պլանավորվում էր, որ իրանական ընկերությունները կարտադրեն վագոնների կորպուսներ, իսկ ՄՎԸ-ն կմատակարարի անիվներ ու արգելակման համակարգեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: