Բաժիններ՝

«Չե՛ք փոխվում էլի, շարունակում եք առաջնորդվել միջնորդություններով». Անահիտ Բախշյան

Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին Հարգելի պարոն Մարգարյան,

ՀՀ նախագահը վերջերս տեղական մարմինների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ առաջնորդվել է այնպիսի միջնորդություններով, որոնք այս կամ այն պաշտոնյային ազատել են պատիժներից ու ասաց, որ նոր տարուց հետո այլևս չի լսելու ոչ մի միջնորդության մասին: Կարծում եմ սա Ձեզ էլ վերաբերվում, Դուք էլ եք միջնորդություններով գործում ու դրանով հեղինակազրկում տեղական ինքնակառավարման մարմիններին ու պետությանը:

Ամռանը սուս ու փուս, առանց պատճառների մասին հրապարակելու, ազատեցիք Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.37 տնօրենին: Սա փաստ է այն մասին, թե որքան փակ, ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը: Դեկտեմբերի 20-ին դպրոցի նոր տնօրենի ընտրություն է նշանակված: Ինձ նամակով ահազանգել են այն մասին, որ թեկնածուներից մեկը դպրոցի երկարամյա աշխատող փոխտնօրենն է ու կոլեկտիվի կողմից ընդունելի թեկնածու, իսկ մեկ ուրիշը հանրային ռադիոյի աշխատակից է, բայց ինչ-որ ժամանակ աշխատել է դպրոցում: Նամակում նաև տեղեկացրել են, որ քաղաքապետարանից կանչել են խորհրդի նախագահին և ցուցում տվել, որ ընտրեն իրենց կողմից հովանավորվող թեկնածուին:

Չգիտեմ, թե ով է դպրոցի կառավարման խորհրդի նախագահը, բայց նա պետք է ամոթանք տար իրեն ուղղորդողներին ու վստահորեն ասեր, որ ինքն իր լիազորությունների շրջանակը չի կարող գերազանցել ու ընդամենը ընտրության գործընթացը կազմակերպողն է:

Դպրոցի կոլեկտիվն էլ կառավարման խորհրդում իր երկու մանկավարժների ու ծնողների հետ համապատասխան աշխատանք պետք է տաներ ու ընտրության ժամանակ խորհրդի մյուս անդամներին համոզեր ընտրել այն թեկնածուին, ում ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը կբարելավեր երեխաների կրթության որակը: Սակայն վստահ եմ, որ կառավարման խորհուրդը չի էլ խորանալու թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերի բովանդակության վրա, այլ վերևներին հաճոյանալու համար, իրենց ձայնը տալու են նրան, ում հովանավորում է քաղաքապետարանը: Ինչո՞ւ է քաղաքապետարանը հենց այդ մեկին հովանավորում:

Առավել քան ակնհայտ է, քաղաքապետարանն էլ երեխաների կրթության հաշվին ուզում է իր վերևներում կանգնած մեկին հաճոյանալ ու դրա համար է ուղղորդում խորհրդին:

Ու այս ամենը՝ երեխաների կրթության որակի հաշվին:

Հապա ասում եք փոխվում եք, ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ դրա ժամկետն էլ է նոր տարուց հետո: Այդքան չե՛նք ուզում սպասել, ուզում ենք նոր տարուց առաջ, դեկտեմբերի 20-ին Երևանի թ. 37 դպրոցում կառավարման խորհուրդը ընտրի այն թեկնածուին, ով կրթությունն այդ դպրոցում կազմակերպելու առավել լավ զարգացման ծրագիր կներկայացնի:

Շնորհակալություն համագործակցության համար:

Անահիտ Բախշյան

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս