Լավրովը Զարիֆի հետ քննարկել է Մերձավոր Արևելքը և իրանական միջուկային գործարքը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ իրանական միջուկային գործարքը: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Մերձավոր Արեւելքում ստեղծվող իրադրության շուրջ՝ շեշտը դնելով ճգնաժամային իրադրությունների ապաշրջափակման ուղիների որոնման վրա»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նաեւ նախարարներն ընդգծել են երկուստեք «հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) խստիվ կատարմանը, որի գծով իր պարտավորությունները Թեհրանը բարեխղճորեն կատարում է, ինչը հաստատում է ՄԱԳԱՏԷ-ն»:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: