Վարդան Բոստանջյանը՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների հնարավոր համագործակցության մասին

«Ծառուկյան» խմբակցությունում դեռևս չեն քննարկել «Ելք» խմբակցության հետ նախագահի միասնական թեկնածու ներկայացնելու հարցը: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ինչպես հայտնի է, «Ելքը» հայտարարել էր, որ իրենց նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, և խմբակցությունը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Արտակ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար։

«Անցյալ չորեքշաբթի օրը «Ելքից» բարձրաձայնել են այս մասին: Դա ճիշտ է, որ քաղաքական ուժերը քննարկեն այդ հարցերը, մենք չենք ունեցել ժամանակ այդ հարցը քննարկելու համար: Այս պահին դեռ հարցը չենք քննարկել, որ կարծիք ձևավորվի, թե «Ծառուկյան» խմբակցությունն իր թեկնածուի՞ն է առաջադրելու, թե՞ միանալու է «Ելքին»»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Բոստանջյանը:

Հարցին՝ եթե ընդդիմությունը նախագահի միասնական թեկնածուով հանդես գա, ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Սա շատ նուրբ հարց է, դրա վերաբերյալ ճիշտ չի լինի իմ անձնական կարծիքը ներկայացնել»:

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ ՀՀԿ-ականների մեծամասնությունը հիմնականում կողմնորոշված են և Սերժ Սարգսյանին են տեսնում վարչապետի պաշտոնում: Խոսելով այս մասին՝ Վ. Բոստանջյանն ասաց.

«Հասկանալի է, որ մեր սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև վերջին ընտրությունների արդյունքում, մենք «կայուն մեծամասնություն» հասկացությունը մտցրեցինք, ու արդեն ձևավորված է կայուն մեծամասնություն: Հիմա, մյուս ուժերն ինչ էլ ուզենան անեն, ոչինչ մի նշանակություն չի կարող ունենալ: Եթե ի դեմս Գալուստ Սահակյանի և այլոց՝ գալիս են այդ եզրակացության, ուրեմն՝ իրենք կկայացնեն որոշումն այնպես, ինչպես իրենք մտածում են»:

Հարցին՝ Ձեր կարծիքով՝ ներկայիս կառավարությունն իր գործունեության արդյունքում ինչքանո՞վ է արդարացրելիր հետագա գոյության շարունակությունը, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց.

«Մենք պետք է անշնորհակալ չլինենք և ասենք, որ 1 տարի և մի քանի ամսվա ընթացքում այս կառավարությունն ուզեց նոր լիցք, մոտեցումներ, նոր քայլեր իրականացնել՝ բարելավելու իրավիճակը: Անկախ այն հանգամանքից, որ այս պարագայում մենք դեռևս չենք կարողանում նկատելի, շոշափելի արդյունքներ ամրագրել, բայց այն, որ նման միտում և տենդենց եղել է, մենք իրավունք չունենք չնկատելու»:

Վ. Բոստանջյանը գտնում է՝ այս կառավարությունը փորձել է ինչ-որ բաներ անել, բայց չի հաջողել. «Այդ չհաջողվելը և աննկատ արդյունքներն այդպես էլ պետք է լիներ, որովհետև մենք գործ ունենք մեծ համակարգի հետ՝ ինչպիսին երկիրն է: Նման մեծ համակարգերի պարագայում դժվար է շուտափույթ հասնել ցցուն արդյունքների»:

Տեսանյութեր

Լրահոս