Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկեց նախագահական ընտրարշավը
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է 2018 թվականի նախագահական ընտրարշավը: ՌԴ Դաշնության խորհրդի համապատասխան որոշումը հրապարակված է «Ռոսիյսկայա գազետա»-ում։
Հրամանագրի համաձայն, որն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակված են 2018 թվականի մարտի 18-ին: Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը եւ Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին եւ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը:
Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նա ճշտել է, որ հանդես է գալու որպես ինքնառաջադրված: Ըստ օրենքի այդ դեպքում թեկնածուն նախ պետք է նախաձեռնող խումբ ստեղծի իրեն աջակցող 500 ընտրողների կողմից, իսկ այնուհետեւ առնվազն 300 հազար ստորագրություն ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: