Կարեն Կարապետյանի ժամկետը լրացել է, պատասխան չկա
Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու առաջարկով վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը նամակի պատասխանի ժամկետը լրացել է, սակայն պատասխան չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Կառավարությունը պատասխանելու սահմանված ժամկետները խախտել է։ Պատասխան չեն կարողանում գտնել, կամ դժվարանում են պատասխանել։ Եթե այդքան հեշտ հարց լիներ, վաղուց պատասխանած կինեին»,- ասաց Է.Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանը» դեռ սպասում է։
Նա նշեց, որ, երբ կլինի պատասխանը, կքննարկեն հետագա անելիքները. «Քանի դեռ ձեռքի տակ չունենք որևէ պատասխան, ի՞նչ քննարկենք։ Չի կարող չլինել պատասխան։ 2 օր առաջ ասել են, որ պետք է զեկուցեն վարչապետին և վերջնական պատասխան տան։ Պարզ է, որ դա քաղաքական հարց է։ Ավագանին ցրելու, նոր ընտրություններ նշանակելու հարցը մի մարդու որոշելու գործ չի, հետևաբար՝ քննարկումների մեջ պետք է լինեն»։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Վանաձորի ավագանու գործունեությունը, սակայն ավագանին, կարծես ոչինչ չի եղել, շարունակում է նիստեր անցկացնել ու նոր որոշումներ կայացնել։