«ՀՀԿ վերնախավի տեսակետը ոչ մեկին չի հետաքրքրում, թե նրանք ում են ցանկանում տեսնել, կամ ում չեն ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում»
Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ
– Պարոն Բադալյան, նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հ/ը-ին տված հարցազրույցում՝ դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018թ. զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ասել է, որ Կարապետյանի ցանկությունը շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված։ Ձեր կարծիքով՝ արդյոք սա վկայո՞ւմ է, որ Սարգսյան-Կարապետյան փոխհամաձայնությունը վերջնականապես կայացել է, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, 2018-ի ապրիլից հետո Սարգսյանը զբաղեցնելու է՝ վարչապետի, Կարապետյանը՝ փոխվարչապետի պաշտոնը։
– Այս պահի դրությամբ դեռևս ոչ ոք չգիտի, թե Հայաստանի Հանրապետությունում ով է լինելու վարչապետ։ Իսկ շատ տարբեր տեսակի տեղեկատվական արտահոսքերի կամ համապատասխան տեղեկությունների մատակարարման վրա լուրջ ուշադրություն չպետք է դարձնել, որովհետև այս պահի դրությամբ ոչ ոք չգիտի, թե ով է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը 2018 թ. ապրիլից հետո, որովհետև այդտեղ որոշակի հարցեր կան, որ դեռևս լուծում չեն գտել։ Մասնավորապես՝ որքանո՞վ է Ռուսաստանը շահագրգռված, որ Կարեն Կարապետյանը մնա՝ որպես ՀՀ վարչապետ, կամ արդյոք նրան պե՞տք է փոխարինել մեկ այլ գործիչով՝ Ռուսաստանից ուղղված, կամ արդյոք ՌԴ-ն համաձայնո՞ւմ է, որպեսզի գործող նախագահը դառնա վարչապետ, իսկ վարչապետը՝ փոխվարչապետ։ Սա հարցերի մի բլոկն է։
Երկրորդ բլոկը՝ որքանո՞վ է Արևմուտքը ցանկանում գործող նախագահին տեսնել վարչապետ, գործող վարչապետին՝ փոխվարչապետ, կամ արդյոք նա ցանկանո՞ւմ է գործող վարչապետին ընդհանրապես տեսնել, թե՞ ցանկանում է բոլորովին այլ մարդու տեսնել վարչապետի պաշտոնում, որ ո՛չ գործող նախագահն է, ո՛չ վարչապետը, որքանո՞վ է Արևմուտքը ցանկանում և տրամադրված ամբողջովին իր ազդեցության տակ վերցնելու ՀՀ գործադիր իշխանությունը, որովհետև հասկանալի է, որ նրան պետք է նոյեմբերի 24-ին ստորագրված պայմանագիրը կյանքի կոչել, իսկ թե՛ գործող նախագահի, և թե՛գործող վարչապետի օրոք խիստ կասկածելի է, որ այն կյանքի կկոչվի։
Այսինքն՝ բազմաթիվ հարցեր կան, որ դեռևս լուծում չեն ստացել։ Եվ թե ի՞նչ կասի նախագահը վարչապետի ցանկությունների մասին, կամ ի՞նչ լուրեր կդնեն շրջանառության մեջ, դրանց պետք չէ հավատալ։
– Գալուստ Սահակյանն ասել է, որ, թեև հարցը չի քննարկվել ՀՀԿ ԳՄ-ում, բայց բոլորն արդեն կողմնորոշված են, գիտեն, թե ում են ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում։
– Հանրապետական կուսակցության վերնախավի տեսակետը ոչ մեկին չի հետաքրքրում, թե նրանք ում են ցանկանում տեսնել, կամ ում չեն ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում։ Այդ հարցն իրենց հետ ընդհանրապես առնչություն չունի, և դա բազմիցս երևացել է, մասնավորապես, երբ ՀՀ նախագահն արդեն ստորագրել էր ԵԱՏՄ-ի պայմանագիրը 2013 թ. սեպտեմբերի 3-ին, նույն այդ բարձրաստիճան ՀՀԿ-ականները նույն օրը մամուլի տարբեր ակումբներում նշում էին, որ նախագահը պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիրը։ Դա նշանակում է, որ նրանց կարծիքն ընդհանրապես նշանակություն չունի, թե նրանք ում են ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում, նրանք այդ հարցն ընդանրապես չեն որոշում։
– Այսինքն՝ դա կախված է միայն Արևմուտքից և Արևելքի՞ց։
– Դա կախված է լինելու Ռուսաստանից, Եվրամիությունից, և ոչ թե՝ իրար հետ փոխհամագործակցությամբ պետք է որոշեն, այլ նայած՝ թե այդ երկու կողմերն ինչ դիրքորոշում ունեն ՀՀ-ի նկատմամբ և ինչ են պատրաստ տալու, որպեսզի Հայաստանը վերցնեն իրենց ազդեցության տակ։
Չմոռանանք, որ Հայաստանն այս տարի և հաջորդ տարի մոտ 1.5 մլրդ դոլարի արտաքին պարտքի տոկոսներ պետք է փակի, իսկ ՀՀ բյուջեում այդքան գումար չկա։ Այդ արտաքին պարտքը հենց այնպես չի ներվելու, դա պետք է նյութականացվի, դառնա քաղաքական առևտրի առարկա։ Իսկ դա հնարավոր է, որ հենց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև դառնա քաղաքական առևտրի առարկա, և այդ առևտուրը ձևավորվի այն սկզբունքով, որ պարտքի տոկոսների մի մասը կարող է չեղարկվել, եթե Հայաստանում լինի այնպիսի վարչապետ, որը ձեռք է տալիս ԵՄ-ին։
ՌԴ-ն դրան հակակշռելու ոչինչ չունի, նա չի պատրաստվում ՀՀ արտաքին պարտքը փակել։
Բացի արտաքին պարտքից, հայտնի է, որ, եթե ՀՀ-ն եռամսյակը մեկ բյուջետային վարկ չստանա, դրամի փոխարժեքը բավականին վատ վիճակում կհայտնվի։ Իսկ ԵՄ-ն իր տարբեր ֆինանսական կառույցների միջոցով ֆինանսավորում է։
ԱԺ-ում ընդունեցին օրենք, որով, փաստորեն, արտաքին պարտքի վերին շեմը հանեցին։ Եվ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են եվրոպացիներն այսպես հանգիստ ֆինանսավորում Հայաստանի տնտեսությունը կամ ֆինանսական համակարգը։ Ի՛նչ է, նրանք չգիտե՞ն, որ Հայաստանի տնտեսությունն այն վիճակում չէ, որ կարողանա այդ պարտքը փակել։
Ուրեմն՝ ինչ-որ մի խնդիր կա, չէ՞, որ նրանք ֆինանսավորում են և Հայաստանին նստեցրել են «վարկային ասեղի» վրա, և ՀՀ-ն դրանից հենց այնպես չի ազատվելու։ Այսինքն՝ երբ այդ ամբողջ հարցերը կլուծվեն, նոր արդեն ըստ այդմ կորոշվի, թե ով է լինելու վարչապետը։ Իսկ ՀՀԿ ղեկավար կազմը շատ լավ հասկանում է, որ, եթե վարչապետ եղավ ուրիշ մարդ, ոչ գործող նախագահը, չի բացառվում, որ նոր վարչապետը կադրային մեծ զտման քաղաքականություն իրականացնի, և առաջին հերթին զտվողները լինեն հենց ՀՀԿ ղեկավարությունը։
– Ռուսաստանը վերջերս ներեց Ղրղըզստանի 240 մլն դոլարի պարտքը։ Հայաստանի հանդեպ խտրական վերաբերմունք կա՞։
– Խտրականության խնդիր չկա, ուղղակի Հայաստանն ավելի շատ պարտք է արևմտյան ֆինանսական կառույցներին՝ ՀԲ, ԱՄՀ, ԱԶԲ և այլն, քան Ռուսաստանին։
– Հաշվի առնելով ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումը և դրա վերաբերյալ Սերժ Սարգսյանի ներկայացրած նախապատմությունը, որ 2013-ին ԵՄ-ն էր «կամ-կամ»-ի պայման դրել, իսկ հիմա գնաց այդ քայլին և ՀՀ-ի հետ ստորագրեց, կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն ունի ԵՄ-ի աջակցությունը՝ հետագա պաշտոնավարման հետ կապված։
– Ոչ, չի կարելի, որովհետև ԵՄ-ն ընդամենն իր արտաքին քաղաքականության մեթոդաբանությունն է փոխել, իր նպատակից չի հրաժարվել։ Եթե 2013-ին նա ցանկանում էր ճակատային գրոհով վերցնել Հայաստանը՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին, որոնք ստորագրեցին Ասոցացման պայմանագիրը, իսկ ՀՀ նախագահը մի գիշերվա մեջ հրաժարվեց՝ հանդիպելով ՌԴ նախագահի հետ, և ինչպես հետագայում Պրահայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց՝ հո մի գիշերվա մեջ բոլորին չէ՞ր հավաքելու: Այսինքն՝ մի գիշերվա մեջ ինքը որոշումը փոխեց, սա որոշակի դժգոհություն առաջացրեց ԵՄ-ում, և ԵՄ-ն փոխեց իր պայքարի մեթոդոլոգիան։
Այսինքն՝ եթե առաջ նա ցանկանում էր վերցնել ՀՀ տնտեսությունը, հետո՝ քաղաքական համակարգն իրենով անել, հիմա հակառակը՝ փորձում է վերցնել քաղաքական համակարգը, դրա միջոցով ազդել և փոխել տնտեսական համակարգը, հետո վերցնել այն։
Եվ այստեղ բացարձակ նշանակություն չունի գործող նախագահի գործոնը, որովհետև ԵՄ-ն Հայաստանն է ուզում վերցնել։ Ինչ վերաբերում է՝ կոնկրետ անձի հետ կապված, եթե ՀՀ նախագահը ստորագրել է այդ համաձայնագիրը, դա չի նշանակում, որ նա արդեն ունի նրանցից աջակցություն։
Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ այլ երկրներից, թե ինչպես Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին ժամանակին լավ համաձայնագրեր էր կնքում Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հետ, բայց դա չխանգարեց, որպեսզի Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Արաբական գարնան ժամանակ աջակցեն հենց Քադաֆիի տապալմանը։
Այսինքն՝ երբ Եվրոպայի հետ պայմանագիր ես ստորագրում, չի նշանակում, որ դու «դաբրո» ստացար։ Դա ոչ մի կապ չունի, առավել ևս՝ ՀՀ նախագահը մի անգամ արդեն ցույց է տվել ԵՄ-ին, որ կարող է ճանապարհի կեսից հետ կանգնել։
Իսկ արդյոք ԵՄ-ն ցանկություն ունի՞ ՀՀ ղեկավար պաշտոնում տեսնել մի մարդու, որ ցանկացած պահի կարող է ետ կանգնել պայմանավորվածություններից և դրանով խնդիրներ ստեղծել ԵՄ-ի համար։ Ընդ որում, ԵՄ-ն ցանկանում է ամբողջ Հարավային Կովկասը վերցնել իրեն։
Վրաստանը ԵՄ կամ ՆԱՏՕ անդամ չէ, բայց արդեն արևմտյան տարածք է, մնացել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանում ռուսական զորքեր չկան, ամենաբարդը Հայաստանն է, որը ԵԱՏՄ անդամ է, և որտեղ ռուսական զորքեր կան։ Հիմա փորձում են ազդեցությունը ՀՀ-ի վրա տարածել և Ռուսաստանին դուրս մղել։ Եթե հաջողվի Հայաստանին տանել, Ադրբեջանին շատ ավելի հեշտ է։