Հայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հինգշաբթի օրը Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ամենամյա, 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին հավակնորդ 9 ֆիլմերի ցանկը, որոնց թվում Հայաստանի կողմից ներկայացված իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման, ցավոք, ընդգրկված չէ:
Վերոնշյալ օտարելզու 9 ֆիլմերը ընտրվել են 2018 թվականի «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը ռեկորդային թվով մասնակցության հայտ ներկայացրած երկրների 92 ֆիլմերից:
Ընտրված 9 ֆիլմերը կցուցադրվեն Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Լոնդոնում հատուկ հանձնաժողովների անդամների համար, ովքեր պետք է փակ քվեարկությամբ որոշեն «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ընդգրկված 5 ֆիլմերի վերջնական ցանկը ներքոնշյալ 9 ֆիլմերից՝
- «ֆանտաստիկ կին», Չիլի, ռեժիսոր՝ Սեբաստիան Լելիոն
- «Անհետացման եզրին», Գերմանիա, ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին
- «Մարմնի և հոգու վրա», Հունգարիա, ռեժիսոր՝ Իլդիկո Էնյեդի
- «Foxtrot», Իսրայել, ռեժիսոր՝Սամուել Մաուզ
- «Վիրավորանք», Լիբանան, ռեժիսոր՝ Զիադ Դուերի
- «Առանց սիրո», Ռուսաստան, ռեժիսոր՝ Անդրեյ Զվյագինցև
- «Երջանկություն», Սենեգալ, ռեժիսոր՝ Ալեյն Գոմիս
- «Վերք» Հարավային Աֆրիկա, ռեժիսոր՝Ջոն Թրենգով
- «Քառակուսի», Շվեդիա, ռեժիսոր՝Ռուբեն Օսթլունդ
Ամերիկյան կինոակադեմիայի օտարալեզու ֆիլմերի հանձնաժողովը կհրապարակի իր վերջնական ընտրությունը հունվարի 23-ին: Նույն օրը հայտնի կդառնա նաև այս տարվա «Օսկար»-ի մյուս անվանակարգերում ընդգրկված կինոնկարների ցանկը:
«Օսկար»-ի ամենամյա 90-րդ մրցանակաբաշխությունը Հոլիվուդի Dolby թատրոնից եթեր կհեռարձակվի 2018 թվականի մարտի 4- ին: