Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, դա կանխելն անհնար է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը:

Գլխավոր մարտահրավերը

Սերժ Սարգսյանն իսկապես շատ ճիշտ է նկատում, որ ադրբեջանական բանակը 2016 թ. ապրիլյան իրադարձություններին հաջորդած շրջանում կատարած դիվերսիոն մի քանի անհաջող փորձերից հետո որեւէ նմանատիպ հարձակում այլեւս չի ձեռնարկել: Վերջին հիշարժան դեպքը գրանցվեց 2017 թ. փետրվարի 25-ին:

Արցախի Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն այդ գիշեր փայլուն գործողություն իրականացրին՝ հակահարված տալով Մարտունու եւ Ակնայի ուղղությամբ հարձակված ադրբեջանական դիվերսիոն խմբին եւ զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հետ շպրտեցին նրան ելման դիրքեր: Ադրբեջանի կողմից զոհվեց 5 զինծառայող, իսկ հայկական կողմը որեւէ կորուստ չունեցավ: Այնուամենայնիվ, որքան էլ մինչապրիլյան շրջանի համեմատությամբ, ինչպես պաշտոնյաներն ու փորձագետներն են պնդում, Արցախի պաշտպանության առաջնագիծն էապես ամրապնդվել է, հայկական կողմին առայժմ չի հաջողվել ամբողջությամբ զսպել հակառակորդի ռազմական ակտիվությունը կամ այլ կերպ ասած՝ կանխել ռազմական սադրանքները, հայ զինվորների սպանությունները սահմանին: Հետեւաբար հայկական զինված ուժերը ինչպե՞ս պիտի չեզոքացնեն ռազմական սադրանքների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ադրբեջանի ստրատեգիան:

Կարելի է հետ մղել, բայց ոչ՝ կանխել

Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասում է, որ ընդհանրապես դժվար է մեկնաբանել պաշտոնատար անձանց հայտարարությունները, որովհետեւ դրանցում հաճախ զգալի տեղ է զբաղեցնում քարոզչության բաղադրիչը:

«Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, ապա ինչպե՞ս կարելի է կանխել այդ փաստը: Այլ հարց է, որ կարելի է արդյունավետորեն հետ մղել հարձակումը, բայց պատերազմի բուն փաստը կանխելն անհնար է, եթե Ադրբեջանն ուզենա հարձակվել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց ռուսաստանցի փորձագետը:

Արցախի բանակն ավելի ուժեղ է

Խրամչիխինը դժվարանում է գնահատել, թե որքանով է վերջին մեկուկես տարվա ընթացքում ամրապնդվել Արցախի պաշտպանությունը: Պատճառը, իր խոսքով, տեղեկատվության պակասն է: Ռազմական փորձագետը համաձայն է, որ Արցախի ՊԲ-ն փաստացի ՀՀ Զինված ուժերի մի մասն է, բայց միաժամանակ նա որոշակի տարանջատում է դնում դրանց միջեւ՝ ասելով, որ Արցախի բանակն, ըստ երեւույթին, ինչ-որ առումով ավելի ուժեղ է Հայաստանի բանակից ռազմական տեխնիկայով եւ միգուցե նաեւ մարտական պատրաստության մակարդակով:

«Կոնկրետ տեղեկություններ չկան: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը տեղեկատվության առումով շատ փակ է: Քանի որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է, այդ պատճառով այնտեղից դուրս եկող ինֆորմացիան չափազանց դոզավորված է, եւ շատ դժվար է ասել, թե իրականում ինչ աշխատանք է իրականացվել: Թեեւ ես չեմ կասկածում, որ որոշ դասեր ամեն դեպքում քաղվել են, որովհետեւ Ադրբեջանը կարողացավ հասնել թեկուզ աննշան, բայց գոնե ինչ-որ հաջողությունների, եւ Ղարաբաղը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր: Բայց ես չեմ կարող գնահատել այդ հետեւությունների արդյունքները: Իրականում արված եզրակացությունները կարելի է լրջորեն գնահատել միայն այն դեպքում, եթե լինի նոր պատերազմ, որովհետեւ ճշմարտության չափանիշը, ինչպես հայտնի է, պրակտիկան է»:

Հայկական կողմի առավելությունները

Իսկ որո՞նք են հայկական եւ ադրբեջանական բանակների ուժեղ եւ թույլ կողմերը:

Փորձագետի գնահատմամբ՝ հայկական բանակն ուժեղ է ավելի բարենպաստ մարտական դիրքերով, զինծառայողների մարտական ոգով: Ադրբեջանական բանակը համեմատաբար ավելի լավ է սպառազինված: Ադրբեջանը մեծ առավելություն ունի հատկապես օդում, թեեւ այսօր ադրբեջանական բանակի վերազինումն արգելակվել է նավթի գների անկման եւ Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների կրճատման պատճառով:

«Այո, հայկական բանակի բարոյահոգեբանական եւ մարտական պատրաստությունն ավելի բարձր է, ընդ որում՝ վերջին տարիներին Հայաստանը նաեւ որոշ զինատեսակներ է գնել Ռուսաստանից: Այսպիսով, որոշ չափով կրճատվել է ռազմական այն անհավասարակշռությունը, որն առաջացել էր Ադրբեջանի կողմից մեծ քանակով զենք ձեռք բերելուց հետո»,- ավելացրեց Ալեքսանդր Խրամչիխինը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս