ՍՏԾՀԿ-ն քաղաքականացնելու որոշ անդամ երկրների փորձերը հարցականի տակ են դնում կազմակերպության հեղինակությունը. ԱԳ նախարար
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«Պարո՛ն նախագահ,
Գլխավո՛ր քարտուղար,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Կցանկանայի շնորհակալություն հայտնել ուկրաինական նախագահությանը նախարարական խորհրդի նիստը հյուրընկալելու համար:
Հայաստանը, հանձնառու լինելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին, վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է համատեղ տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից ու բուն էությունից: Անկասկած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արդյունավետության բարձրացումը կախված է անդամ պետությունների` այս ոգով գործելու հանձնառությունից:
Նույն մոտեցումները պետք է լինեն ՍԾՏՀԿ բարեփոխման գործընթացի առանցքում, ինչը սակայն չի նշանակում Կազմակերպության էության վերափոխում: Մեր համոզմամբ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ-ին անհրաժեշտ են գործնական և իրատեսական քայլեր: Մենք հավատացած ենք, որ Կազմակերպությունն ի զորու է բարձրացնել իր արդյունավետությունը Նախարարների խորհրդի կողմից հաստատված որոշումների և բանաձևերի անվերապահ իրականացման միջոցով: Հետևաբար, նախագահության ընթացքում մենք կկենտրոնանանք հանձնառությունների կատարման և Կազմակերպության գործունեության բովանդակության վրա:
Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների համառ փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության բուն հիմքերի, դրա հիմնական նպատակների վրա և հարցականի տակ դնում ՍԾՏՀԿ հեղինակությունը՝ որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպություն:
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կազմակերպությունում իր նախագահությանը և որպես նախագահող երկիր հաջորդ վեց ամիսների ընթացքում կղեկավարի Կազմակերպությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումը և առկա մեխանիզմների միջոցով առաջ նպատակասլաց մղելով նախագծային օրակարգը:
Հայաստանը զգալի ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում և, լինելով ծրագրային ապահովման մշակման հանգույց, որպես նախագահող երկիր և ՍԾՏՀԿ ՏՀՏ աշխատանքային խմբի համակարգող, իր ջանքերը կուղղորդի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում նպատակաուղղված համագործակցության առաջ մղմանը:
Օրեր առաջ Հայաստանը ստանձնեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախագահությունը, որը միավորում է 84 պետությունների, այդ թվում և ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների, և հաջորդ տարի հոկտեմբերին պատիվ կունենա Երևանում հյուրընկալել այս կազմակերպության գագաթաժողովը: Մենք մտադիր ենք գագաթաժողովի շրջանակներում կազմակերպել ֆրանկոֆոն տարածքի գործարար ֆորում և կցանկանայինք ՍԾՏՀԿ գործարար շրջանակների ուշադրությունը հրավիրել այս միջոցառմանը: «Թվային Ֆրանկոֆոնիան» կլինի երևանյան գալիք գագաթաժողովի հիմնական թեմաներից մեկը:
Կցանկանայի նաև նշել, որ 2019 թվականին Հայաստանը կհյուրընկալի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրոպական միության հետ կնքեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Լինելով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ՝ Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները նաև ինտեգրացիոն այլ ձևաչափերի հետ: Հուսով ենք, որ այսպիսի իրատեսական և նպատակաուղղված երկխոսությունը կդառնա տնտեսական համագործակցության շարժիչ ուժը և թույլ կտա լիովին օգտագործել ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորությունները, այդ թվում և ՍԾՏՀԿ տարածքում:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մենք համոզված ենք, որ ՍԾՏՀԿ-կապակցված մարմինների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցությունը շատ կարևոր է:
Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգային կանոններին և բացասաբար են ազդում Կազմակերպության հեղինակության վրա: Խորհրդարանական վեհաժողովը պետք է աջակցի Կազմակերպության հիմնական նպատակների իրականացմանը, այլ ոչ թե ներքաշվի զուգահեռ գործընթացներում՝ ՍԾՏՀԿ գործունեությունից անկախ:
Պարո՛ն նախագահ,
Ես արդեն ընդգծեցի, որ նրանք, ովքեր շահագործում են այս հարթակը՝ տնտեսական համագործակցության հաշվին իրենց նեղ քաղաքական շահերն առաջ մղելու համար, ոչ միայն հակասում են Կազմակերպության էությանը և նպատակներին, այլև խոչընդոտում ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական համընդգրկուն համագործակցությանը: Սա լիովին վերաբերում է Ադրբեջանին, որը կրկին չարաշահում է նախարարական այս խորհուրդն իր անհիմն մեղադրանքները բաձրաձայնելու համար, ինչն անհարգալից է խորհրդի նպատակների հանդեպ, որոնք բացարձակապես կապ չունեն հակամարտությունների կարգավորման հետ: Մենք դժվար թե կարողանանք ձեռքբերում ակնկալել մեր համագործակցությունից ՍԾՏՀԿ շրջանակներում, եթե այս հարթակը շարունակում է շահագործվել քարոզչության նպատակներով:
Դեկտեմբերի 7-ին ԵԱՀԿ նախարարական խորհրդի իմ ելույթում ես մանրամասն անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ ընդգծելով այն պատճառները, որոնք բացահայտորեն ի ցույց են դնում Ադրբեջանի անզիջում և առավելապաշտական դիրքորոշումը, նրա՝ միջնորդ երկրների, Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մերժումը, ինչը խոչընդոտում է հակամարտության հանգուցալուծմանը և սպառնում տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և տնտեսական համընդգրկուն համագործակցությանը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային համակողմանի փոխգործակցությունը հանդիսանում է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական փոխկապվածութան հիմնական նախապայման:
Իր նախագահության ընթացքում Հայաստանը կապավինի այն համատեղ ջանքերին, որոնք միտված են մեր նպատակներին հասնելուն: Վստահեցնում եմ Ձեզ, որ Հայաստանը լիովին հավատարիմ է այդ վեհ նպատակին:
Շնորհակալություն»: