Բաժիններ՝

Ալկոհոլի ազդեցության տակ ծեծի է ենթարկել զոքանչին, ապա նաև՝ սպառնացել սպանել

Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին նախկին կնոջ մորը ծեծի ենթարկելու և սպանության սպառնալիքներ տալու համար:

Ըստ մեղադրանքի՝ Երջանիկ Գեղամյանը 2017թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գտնվող նախկին կնոջ մոր՝ Անահիտ Մանուկյանի տանը վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձախ ձեռքի բաց ափով հարվածել է նրա պարանոցին, այնուհետև նույն տան բակում առկա փայտյա աթոռով հարվածել է նրա մեջքին, որից հետո բռունցքներով հարվածել մարմնի տարբեր մասերի՝ կրծքավանդակին, գլխին և վերջինիս առողջությանը՝ կրծքավանդակի և գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդերի ձևով, պատճառել թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Բացի այդ Երջանիկ Գեղամյանը նույն օրը նախկին կնոջ մոր հետ վիճաբանության ժամանակ ասել է, որ սպանելու է նրան և մեղադրանքի համաձայն՝ այդ արտահայտություններն անելու ժամանակ եղել է ագրեսիվ, վախեցնող, դրսևորել է հարձակողական վարքագիծ, սպառնալիքներ հնչեցնելիս բղավել է, փոխվել են նրա դեմքի միմիկաները, աչքերը կարմրել են, ձայնը դարձել է վճռական, կոնկրետ և այդ կերպ նրա հասցեին տվել է սպանության սպառնալիքներ, որն իրականացնելու իրական վտանգ է եղել և որն Անահիտ Մանուկյանն ընկալել է որպես իրական:
Երջանիկ Գեղամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը կքննվի Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս