«Դիվերսիա իրականացնելու հնարավորությունը նվազել է, տեսանելի ապագայում սահմանին կբացառվեն այլ գործողություններ ևս». Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահն ամբողջովին կիսում է այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որոնք առկա են շփման գծում: Այս մասին նա ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Եթե հիշում եք, տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղավ, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ իրականացնելու հնարավորությունը նվազել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը. Պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել:
Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս»,- ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանը նկատել է, որ բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է սպառազինության նոր տեսակներով, տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, սակայն մի քանի ամսից հետո ապրելու ենք մի երկրում, որտեղ ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը և այդ կառավարման համակարգին համահունչ նախ փոփոխություններ պետք է տեղի ունենան զինված ուժերում, որպեսզի այդ անցումը լինի շատ հարթ:
«Սա մեկ, որը շատ կարևոր է, երկրորդ՝ միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր հաստատել: Միշտ էլ զինված ուժերն իր աշխատանքը պլանավորել է մեկ տարով, երկու տարով, երեք տարով, երբ որ կառավարությունը սկսեց միջնաժամկետ ծրագրեր քննարկել, բայց հիմա մենք նախ մի կողմից հնարավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորելու մեր բարեփոխումները, մյուս կողմից դա ուղղակի անհրաժեշտ է: Մենք պետք է տեսնենք, թե յոթ տարի հետո ինչ ունակություններ ենք ունենալու, և ելնենք ոչ թե նրանից՝ ինչ միջոցներ կարող ենք ներդնել, այլ թե ինչ միջոցներ են անհրաժեշտ: Փիլիսոփայությունն է մի քիչ փոխվում»,-ասել է նախագահը: