ԱՄՆ դեսպանատունը համագործակցում է ԱԱԾ-ի հետ՝ ամերիկահայի սպառնալիքի քրգործով. «Ազատություն»
Միացյալ Նահանգների դեսպանատունը համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Մենք այդ գործով աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ, քննության շահերից ելնելով՝ այս պահին չենք կարող հավելյալ մանրամասներ տրամադրել», – ասել են ԱՄՆ դեսպանատնից:
Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդել էր, թե Հայաստանում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում:
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱԱԾ հայտարարության մեջ նշված Ռ.Ք.-ն Քալիֆորնիայում բնակվող Ռոբերտ Քուրքյանն է։ Նա ինքն էլ հաստատել է, որ հարցաքննվել է ամերիկյան իրավապահների կողմից։