
ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կանցկացնի նիստ՝ նվիրված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ճապոնիան, որպես ընթացիկ ամսում Խորհրդի նախագահ, առաջարկել է քննարկել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ-ին առընթեր Ճապոնիայի մշտական ներկայացուցչությունում, հանդիպմանը գալու են Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Շվեդիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մարգոտ Վալստրեմը եւ Պավել Կլիմկինը: Մեծ Բրիտանիան կներկայացնի ԱԳ փոխնախարար Մարկ Ֆիլդը:
ԱԽ-ի նիստում զեկույցով հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որը մեկ օր առաջ է վերադարձել Տոկիոյից:
Նիստի կապակցությամբ Ճապոնիայի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Տոկիոն մտադիր է արծարծել Փենյանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու հարցերը՝ «ԿԺԴՀ-ի գործողությունների կուրսը Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ փոխելու, ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերի իրագործման եւ հետագա սադրանքներին ի պատասխան լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու նպատակով»: