Թուրքիայում բազմամուսնությունը խթանող նոր կայքը արգելափակվել է
Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության» խորհուրդը (BTK) արգելափակել է երկրորդ ամուսնության համար զուգընկեր որոնողների համար բացված կայքը: Ինչպես տեղեկացնում է CNNTürk-ը՝ կայքն, այնուամենայնիվ, հասանելի է Թուրքիայից դուրս գտնվող օգտատերերի, ինչպես նաև՝ VPN-ից (Virtual Private Network- վիրտուալ մասնավոր ցանց) օգտվողների համար:
Իսկ Թուրքիայի կանանց միությունների ֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստվում է դատական գործ հարուցել կայքի դեմ:
Օրեր առաջ Թուրքիայում գործարկված նոր ծանոթությունների կայքը հնարավորություն է տալիս օգտատերերին՝ խիստ գաղտնիության պայմաններում նոր կյանքի ընկեր գտնել՝ առանց վտանգելու արդեն ունեցած առաջին ընտանիքը: Օգտատերերը կարող են իրենց նոր զուգընկերոջ հետ կրոնական ամուսնություն կնքել:
Կայքի գործարկման մասին տարածված հայտարարության համաձայն՝ նման ծանոթության հարթակներ ներկայումս գոյություն ունեն միայն Անգլիայում և Ինդոնեզիայում:
Ըստ կայքի հիմնադիրների՝ երկրորդ ամուսնությունը կարող է լավ լուծում լինել մի շարք հասարակական խնդիրների, այդ թվում՝ աղքատության, միայնակության, անբարոյականության տարածման դեմ: