«Եթե ամեն ինչ այդպես որոշված է, ապա Գալուստ Սահակյանն ինչո՞ւ է պայքարում». Վիգեն Հակոբյան

Հարցազրույց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ

– Պարոն Հակոբյան, «Ելք» խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ Ի՞նչ կարծիք ունեք «Ելքի» այս որոշման մասին, և 2018թ. որքանո՞վ է կարևոր լինելու նախագահի պաշտոնը։

– Թեպետ, ըստ նոր Սահմանադրության՝ նախագահի լիազորությունները բավականին սահմանափակ են, այնուամենայնիվ, եթե Սահմանադրությամբ որոշվել է, որ պետք է նախագահի պաշտոն լինի, ուրեմն՝ այն քաղաքական որոշակի լիազորություններ ունի, որոնք առնչվում են արտաքին քաղաքականության հետ։ Այդ լիազորություններն այնքան էլ փոքր չեն, ինչպես շատերին թվում է։ Բնականաբար, եթե համեմատում ենք այսօրվա նախագահի լիազորությունների հետ, հասկանալի է, որ դա անհամեմատելի է։ Ինչ վերաբերում է «Ելքի» ցանկությանը, ապա իրենց որոշումն արդարացված է այն առումով, որ ցանկացած քաղաքական ուժ, անկախ նրանից՝ փոքրամասնությո՞ւն է, թե՞ ոչ, փորձում է ցանկացած հարթակ օգտագործել իր քաղաքական մոտեցումներն առաջ քաշելու համար։

Այս առումով, շատ բնական, նորմալ պրոցես է, որ նման նախաձեռնություն կա։ Ճիշտն ասած՝ ժամանակին ինձ զարմացնում էր, որ խորհրդարանում ալտերնատիվ թեկնածուներ չեն հայտնվում, օրինակ՝ այս կամ այն ղեկավար պաշտոնի համար։ Երբ խորհրդարանն էր ձևավորվում, այդ պաշտոններին ալտերնատիվներ չկային։ Ավելի լավ առիթ, որ ցույց տաս քո բացառիկությունը, թե ինչով ես տարբերվում քաղաքական մեծամասնությունից, գոյություն չունի։ Այս առումով՝ քաղաքական որոշում է՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով։ «Ելք» դաշինքն իր համար քաղաքական նոր օրակարգ է ձևավորում, որով առաջիկա ամիսներին շարժվելու է։ Դա լավ առիթ է, որպեսզի իրենց մասին խոսեն։

– Արդյո՞ք Արտակ Զեյնալյանը շանսեր ունի։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նախագահն էլ է ՀՀԿ-ից լինելու։

– Առայժմ տեսանելի չէ, թե ինչ պայմաններում քաղաքական մեծամասնությունը կփորձի հոժարակամ զիջել այդ պաշտոնը։ Եթե քաղաքական մեծամասնությունը նման ցանկություն չունենա, դա ուղղակի մեխանիկորեն էլ հնարավոր չէ, որովհետև անցողիկության շեմերն այնպիսին են, որ միայն մեծամասնության հետ կոմպրոմիսի պայմաններում ընդդիմության ներկայացուցիչը հնարավորություններ կունենա։ Եթե ամեն ինչ գնա այն սցենարով, որով պետք է գնա, այսինքն՝ քաղաքական մեծամասնությունն այդ պաշտոնը պետք է իրեն վերցնի, նա որևէ շանս չունի։ Ավելին, «Ելք» դաշինքն այս պահին նույնիսկ առաջադրելու հնարավորություն չունի։

– Դրա համար դիմելու են «Ծառուկյան» դաշինքին։

– Դեռևս չգիտենք՝ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումն ինչպիսին կլինի, որովհետև, եթե նա համաձայնի էլ, կարող է նաև իր թեկնածուն ունենալ։ Առավել ևս, որ «Ծառուկյան» դաշինքը կարող է ինքնուրույն էլ այդ քայլին գնալ։ Այսինքն՝ դեռևս փաստ չէ, որ, եթե «Ելք» դաշինքն իր թեկնածուն ունի, «Ծառուկյան» դաշինքը չի ուզենա իր թեկնածուն ունենալ։ Եթե այդ երկու քաղաքական ուժերն այս հարցում համաձայնության գան, դեռևս փաստ չէ, որ ով առաջինն է հայտարարել թեկնածուի անունը, հենց այդ թեկնածուն էլ լինելու է:

Դա ընդամենը քաղաքական պրոցեսի սկիզբ է, ընդդիմությունն իր համար քաղաքական օրակարգ է ձևավորում։ Բայց դեռ տեսնենք, թող դիմեն, հետո կտեսնենք՝ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը որն է։

Ամեն  դեպքում, նույնիսկ, եթե համարենք, որ խորհրդարանական ընդդիմությունը հանդես է գալիս մեկ միասնական թեկնածուով, ըստ Սահմանադրության պահանջների՝ ես չեմ պատկերացնում, որ քաղաքական մեծամասնության ցանկության բացակայության դեպքում հնարավոր լինի անցկացնել սեփական թեկնածուին։ Եթե նույնիսկ կատաղի դիմադրություն լինի ընդդիմության կողմից, առնվազն երկրորդ փուլ կարող են անցկացնել իրենց թեկնածուին։ Եթե իշխանության և ընդդիմության միջև չլինի կոմպրոմիս, որը հիմա դժվար է պատկերացնել, ամեն ինչ կսահմանափակվի զուտ քաղաքական պրոցեսով, որտեղ ընդդիմությունը կփորձի պարզապես մասնակցություն ունենալ։

– Գալուստ Սահակյանը նաև հայտարարել է, որ ՀՀԿ-ում բոլորը հիմնականում արդեն կողմնորոշված են և վարչապետի թեկնածուի պաշտոնում տեսնում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ արդեն հստա՞կ է, թե ինչ է լինելու 2018թ. ապրիլին։

– Այն, ինչ ասել է Գալուստ Սահակյանը, նոր բան չէ։ Նույն այդ գործիչն արդեն մի քանի ամիս շարունակ իր սեփական կարծիքն է հայտնում, գուցե դա նաև մի խումբ ՀՀԿ-ականների կարծիք է, ես դա չեմ բացառում։ Իսկապես, շատերը, բացահայտ կամ ակնարկներով, դա հասկացնում են։

Բայց խնդիրն այն է, որ, ինչպես հանրապետականներն են ասում՝ Սերժ Սարգսյանն իրենց առաջնորդն է, նա ինչպես ասի, այդպես էլ կլինի։ Այսինքն՝ որքան էլ իրենց դա դուր չի գալիս, այդ հարցն իրենք չեն որոշելու, դա այդքան էլ կոլեգիալ որոշման խնդիր չէ։ Ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ այդ հարցի շուրջ կոնկրետ որոշում կա։ Դա ցանկություն է։ Ավելին, Գալուստ Սահակյանն ասում է, որ, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը դա չի ուզում, ինքը պայքարելու է, որպեսզի համոզեն նրան։ Այսինքն՝ այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ամեն ինչ այդպես որոշված է, ապա Գալուստ Սահակյանն ինչո՞ւ է պայքարում։

ՀՀԿ-ում միշտ էլ եղել է միջֆրակցիոն պայքար՝ տարբեր ազդեցիկ ֆինանսատնտեսական խմբերի միջև՝ իրենց շահերի, դիրքերը պահպանելու և ամրապնդելու համար։ Նրանցից ամեն մեկն իր խնդիրներն ունի, և ոմանք երևի պատկերացնում են իրենց այսօրվա կարգավիճակը՝ կոնկրետ մարդու հետ կապված։ Գալուստ Սահակյանի պարագայում դա կոնկրետ Սերժ Սարգսյանն է, ոչ ավելին։

Տեսանյութեր

Լրահոս