Եվրամիությունը որոշեց երկարաձգել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած նիստում քաղաքական որոշում են ընդունել՝ երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարի վերջին: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«ԵՄ-ն միաձյան հանդես է գալիս Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման օգտին»,- գրել է Տուսկը Twitter-ում:
Այժմ պահանջվում է ԵՄ-ի խորհրդի կողմից պատժամիջոցներին հավանություն տալու տեխնիկական ընթացակարգը: Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, որը մոտ է կանգնած ԵՄ-ի ղեկավարությանը, այդ որոշումն սպասվում է հաջորդ շաբաթ: Պատժամիջոցներն, ըստ ԵՄ-ի ներկայացուցիչների տեղեկատվության՝ կերկարաձգվեն կես տարով՝ առանց փոփոխությունների:
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակող միջոցներ է մտցրել 2014 թվականի ամռանն Ուկրաինայի հակամարտության ֆոնին եւ ավելի ուշ ընդլայնել է դրանք: