
Պերուում կանայք հարսանիք են կազմակերպել ծառերի հետ

Պերուի մայրաքաղաք Լիմայում մի քանի կանայք էին հավաքվել զբոսայգում ծառերի հետ խորհրդանշական ամուսնության համար: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Հարսնացուները երդվել են խնամել իրենց կանաչ փեսացուներին, քանի դեռ մահը չի բաժանի իրենց: «Կանաչ սրտեր» բնապահպանական կազմակերպության ղեկավար Ռիչարդ Տորեսը, որն արարողության ժամանակ հոգեւորականի դեր էր կատարում, ամուսնությունները հայտարարել է կայացած եւ թույլ է տվել ամուսիններին համբուրել ծառաբունը:
Դրանից հետո ներկա գտնվողները տերեւներ են շաղ տվել «նորապսակների» շուրջը: Տորեսի մտահղացմամբ, արարողությունը կհիշեցնի Պերուի բնակիչներին, որ ծառերը կարեւոր են եւ հոգատարության կարիք ունեն: Նա ծրագրում է համանման հարսանիքներ կազմակերպել նաեւ այլ երկրներում եւ հուսով է, որ այդ կերպ իրեն կհաջողվի փրկել հազարավոր ծառեր: