Բաժիններ՝

«Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդհանրապես անելիք չունենք». Սեդրակ Մամուլյան

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց անցնող տարին, խոսեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ-ի կողմից Եգիպտոսում հայկական խոհանոցի ներկայացման արդյունքների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց մեր մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու իմաստին և նպատակներին:

«Մեր կազմակերպությունը տարին ամփոփում է շատ դրական դիրքերով: Այն, ինչ ծրագրել էինք տարվա նախաշեմին, ամբողջությամբ իրականացրեցինք: Պետք է շարունակեինք տոնածիսական կերակրատեսակների՝ տոլմայի, խորովածի խոհարարական միջոցառումները, խոհարարական փառատոների կազմակերպումն ու իրականացումը, որը տարվա ընթացքում արել ենք շատ բարձր մակարդակով: Շարունակել ենք հավաքչական գործունեությունը, և բանահավաքչության առումով բավականին հաջողված իրավիճակ ունենք: Արդյունքում՝ արդեն գարնանը կարող ենք հետաքրքրված ժողովրդի սեղանին դնել Անիի ժամանակների խոհանոցը:

Արդեն ամփոփ կարող ենք ներկայացնել նաև մի շարք մարզերին բնորոշ խոհանոցային մանրամասները: Ողջ տարվա ընթացքում շարունակել ենք նաև մասնագիտական կրթական համակարգի հետ մեր համագործակցությունը: Անդրադառնալով բանահավաքչության թեմային՝ ուզում եմ շեշտել՝ բաղադրատոմսերի հավաքագրումը դեռևս չի նշանակում՝ դրանք մի գզրոցից մեկ այլ գզրոց տեղափոխել:

Իհարկե, կարելի է շարունակել գզրոցների խաղը, բայց դա արդյունք չի տա: Մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մշակութային ժառանգությունն են և պատկանում են մեր ժողովրդին, հետևաբար՝ դրանք պետք է անպայման փոխանցել կրողներին՝ երիտասարդ սպառողներին:

Տարվա ընթացքում գրանցած մեզ համար ամենակարևոր առաջընթացն այն էր, որ կարողացանք մի քանի երկրներում ներկայացնել հայկական խոհանոցը: Դա մեզ հաջողվեց տեղի, Սփյուռքի մեր հայրենակիցների, դեսպանների, եկեղեցու հետ սերտ համագործակցության արդյունքում:

Հունվարին մենք կարողացանք մեր խոհանոցը ներկայացնել Իրանում, փետրվարի սկզբին՝ Մոսկվայում, մայիսին՝ Փարիզում, և արդեն մի քանի օր առաջ վերադարձանք Եգիպտոսից: Սա, կարծում եմ, ամենաարդյունավետ միջոցն է՝ հանրահռչակելու և տարածելու մեր խոհանոցը»:

Անդրադառնալով «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ-ի կողմից Եգիպտոսում հայկական խոհանոցի ներկայացման արդյունքներին՝ Սեդրակ Մամուլյանը մանրամասնում է. «Եգիպտոսում հայկական խոհանոցի ներկայացումն իրականացրեցինք բացառապես տեղի մեր դեսպանի՝ պարոն Մելքոնյանի, և Աշոտ Սրբազանի անմիջական աջակցությանբ: Եգիպտոսում ամեն տարի իրականացվում է ազգային խոհանոցների ներկայացում, որին այս տարի մասնակցում էին 16 երկրներ՝ աշխարհի տարբեր անկյուններից:

Այդպիսի միջոցառումներին մասնակցելու համար մենք հատուկ ծրագիր ենք պատրաստել, որովհետև մշտապես բովանդակային ծրագրով ներկայանալու նպատակ ունենք:

Մենք ներկայացրինք Անիի ժամանակների խոհանոցը, նաև մի կերակուր՝ Արցախի խոհանոցից: Ձևաչափն այնպիսին էր, որ մասնակցող երկրներին թույլատրված էր ներկայացնել երեք կերակուր՝ նախուտեստ, հիմնական կերակուր և աղանդեր:

Որպես նախուտեստ՝ մենք ներկայացրինք Անի խոհանոցից «Ականջապուրը», հիմնական կերակուրը հավի մսով, ընկույզով, հոնի չրով և չամիչով պատրաստվող Արցախի «Հագանին» էր, և մեկ աղանդեր՝ գետնանուշով, բողկով և մեղրով՝ կրկին Անիի խոհանոցից:

Պետք է ասեմ, որ մեր տաղավարի տպավորությունը շատ մեծ էր: Միջոցառումը մրցութային ձևաչափով չէր, որ կարողանայինք հասկանալ, թե ո՞ր տեղը գրավեցինք, բայց կային հասարակական կարգով գնահատական տվողներ, որի արդյունքում մեր տաղավարը մշտապես մարդաշատ էր և շատ հետաքրքրական:

Բացի դրանից, մենք այնտեղ մեզ համար օգտակար կապեր ստեղծեցինք՝ ծանոթացանք Եգիպտոսի խոհարարական կազմակերպության տնօրենի հետ, և կան նախադրյալներ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք համագործակցել և հայկական խոհանոցն ավելի ներկայանալի դարձնել նաև Եգիպտոսում, իսկ այդ երկիրը, գիտեք, տուրիստական առումով իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում»:

Խոսելով մեր մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու իմաստի և նպատակների մասին՝ բանախոսը նկատում է. «Երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք վիճարկում ենք այս կամ այն մշակութային ժառանգության պատկանելությունը, պետք է հասկանանք՝ մենք ոչ թե «Չարի վերջի» նման պետք է գնանք ու կկվի դերով խնդրենք, թե՝ ձագի մեկը քեզ պահի, մեկը մեզ տուր, այլ պետք է հասկանանք՝ այն, ինչ մերն է, ուրեմն մերն է, և վերջ:

Մենք չենք կարող դրանում կարևորության մասով որևէ տեսակի տարանջատումներ անել՝ որը կարող ենք թողնել, որ վերցնեն, և որը՝ ոչ: Այդպիսի տարբերակված մոտեցումը ես դատապարտում եմ: Իմ կարծիքով՝ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդհանրապես անելիք չունենք, բայց եթե դա պետական ինչ-որ պարտադիր գործառույթ է, կարծում եմ՝ պետք է համապատասխան հանձնարարություններ լինեին՝ ուսումնասիրություններ կատարելու և ըստ պատշաճի ներկայացնելու այս կամ այն երևույթը: Ես համոզված ասում եմ, որ տոլման ոչ առաջին, ոչ էլ վերջին օրինակը չէ, որ մեր հարևանը կցանկանա շահարկելով յուրացնել:

Կգա նաև գաթայի, թոնրի և այլ տարատեսակ հայկական պատկանելություն ունեցող երևույթների յուրացման պահը: Հետևաբար՝ կարծում եմ, որ մենք մեր ներսում ենք թերանում: Խոհանոցային տեսանկյունից, ցավոք սրտի, որևէ կերակուր մինչ օրս մենք ինքներս մեզ մոտ չենք ամրագրել՝ որպես հայկական պատկանելություն ունեցող ուտեստ: Ուրեմն, եթե մենք ինքներս դա չենք արել, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ից ինչ-որ բաներ պահանջել տեղին չէ»:

Սեդրակ Մամուլյանը նաև տեղեկացրեց, որ հայկական խոհանոցի խնդիրների քննարկման նպատակով հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի հետ: Նա փոխանցեց նաև, որ իր ղեկավարությամբ գործունեություն ծավալող հ/կ-ն պատրաստվում է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ և բաց նամակով ՝ կոչ անելով համախմբվել հայկական մշակութային ժառանգության շուրջ՝ դրա նկատմամբ վերաբերմունքը տարբերակված մոտեցումից դարձնելով համակարգված, ինչը թույլ կտա աշխարհում հավուր պատշաճի ներկայացնել հայկական խոհանոցի ներկայանալի դեմքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս