
Հայաստանի մարզերում տեքստիլի ոլորտում կստեղծվի 500 նոր աշխատատեղ

Կառավարությունը որոշել է պետգույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը, մասնավորապես դպրոցի շենքը, անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխ-արմ-ինվեստ» ՍՊԸ-ին:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում կարի արտադրության ոլորտում:
«Ընկերության նպատակն է Հայաստանի տարբեր քաղաքներում և սահմանամերձ տարածքներում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել հայրենական մրցունակ, տարբեր տեսակի հագուստի արտադրություն և արտահանել Ռուսաստան և եվրոպական երկրներ:
Ընկերությունը պարտավորվել է նաև երեք տարում կատարել 1 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև ստեղծել 500 աշխատատեղ»,- ասաց Սահակյանը: