Հարկային եկամուտների աճ է արձանագրվել

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 10 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի և մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների ավելացմամբ:

Ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 5.5 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ: Այս հարկատեսակի գծով գերավճարները նվազել են 1.7 մլրդ դրամով, ինչը,  հաշվի առնելով հարկային եկամուտների աճը, կազմում է 7.2 մլրդ դրամ:

Ակցիզային հարկի գծով հարկային մուտքերն ավելացել են 7.7 մլրդ դրամով, իսկ ԵԱՏՄ մուտքերը՝ 15.5 մլրդ դրամով: Շահութահարկի աճը 2017թ.-ի 10 ամիսներին կազմում է 10.4 մլրդ դրամ կամ 17,2%՝ հաշվի առնելով այս հարկատեսակի գծով հարկային մուտքերի 1.6 մլրդ դրամով ավելացումն ու գերավճարների 8.7 միլիարդով նվազումը:

ԱԱՀ-ի գծով հարկային մուտքերն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են շուրջ 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ոչ միայն առանձին հարկ վճարողների իրացման շրջանառությունների նվազման, այլև 10 ամիսների ընթացքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասն առկա գերավճարների հաշվին մարելու և գերավճարներ չհավաքագրելու հետևանք է:

Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է 8.3 մլրդ դրամով, ապա ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների հաշվարկային աճը կազմում է ավելի քան 5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում աճ է արձանագրվել նաև բնօգտագործման և բնապահպանական վճարների, հաստատագրված վճարների ու դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ համապատասխանաբար՝ 1.1 մլրդ, 114 մլն և 312.6 մլն դրամ։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս