«Որևէ մեկը թող չհամարձակվի մեղադրել ժողովրդին». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ մեր հասարակության մեջ կա գավառական մոտեցում՝ երբ ինչ-որ մեկը պաշտոնի կամ հաջողության է հասնում, լրիվ փոխվում է, մտածում է, թե ամեն ինչ գիտի, չի նկատում շրջապատին։ Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանությունն արդեն վաղուց կտրված է հասարակությունից և չի պատկերացնում, թե ինչ է կատարվում ստորին շերտերում:

«Իրենք իրենց շրջապատով են հանդիպում հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին, իրար «չլմփալով» համբուրում են, և նրանց համար երկրորդական է, թե հանրությունն ինչպես է ապրում: Այս ամենի մեջ կա նաև անկախ իրենցից անկեղծություն, որը չեն էլ պատկերացնում, որ կարող է բացասական ազդել, քանի որ թքած ունեն հանրության կարծիքի վրա։ Իսկ քանի որ կուսակցությունում չկա ներքին դեմոկրատիա, անպայման պետք է մեկը մյուսին պաշտպանի՝ թեկուզ հերթական անհեթեթությունն ասելով: Իրենք պատկերացնում են, թե պետությունն իրենք են, իրենք այդ աղքատներին չեն համարում պետության մասնիկ, այլ համարում են օգտագործվող օբյեկտ։ Մեր պետական այրերը չեն պատկերացնում՝ ինչ է պետությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ շատ հեշտ է մեղադրել աղքատության մեջ դեգերող ժողովրդին՝ ասելով, թե՝ նրանց 10 հազար դրամով ձայն եք տվել, «դե կերեք».

«Ժողովրդին հարուստներն են այդ օրը հասցրել։ Բայց մյուսներն ի՞նչ են առաջարկում, որ ասում են՝ ինձ ձայն տուր, ես լավն եմ։ Նույն հակոբհակոբյանները, մյուսները կարողացել են երկրի ամբողջ հարստությունը «շուստրի» ձևով իրենցով անել, որը նաև աղքատներինն է, նրանք չեն կարողանում կարագ առնել, և հիմա ծաղրում են աղքատներին։ Նրա ասածի մեջ ծաղրանք կար»։

Հայաստանում այսօր, ըստ Իշխանյանի՝ չկան ձախակողմյաններ, ձախակողմյան գաղափարախոսություն.

«Այս նույն հակոբհակոբյանները Զիմզիմով են՝ որ մեկին դեսը բոթե, մեկելին դենը բոթե, մեր ղոչաղը նայե: Մեզ մոտ տիրում են զիմզիմովյան ղոչաղյան տրամադրությունները, բայց չկա այդ ձախակողմյանը, որ հակակշռի»:

Նրա խոսքով՝ հանրությունը վստահություն չունենալով իշխանության նկատմամբ՝ չի հավատում նաև ընդդիմությանը.

«Ընդդիմությունն ընդամենը բավականին ճշգրիտ ասում է, թե ինչով է այս իշխանությունը վատը։ Բոլոր ընդդիմադիր կուսակցություններում կան նախկին իշխանության մարդիկ, որոնք նույն ձևով են վարվել, ինչ այսօրվա իշխանությունները։ Հետո էլ ասում են՝ ժողովուրդը 10 հազարով ծախվեց, այն ժողովրդին են դա ասում, որին այսքան տարի լլկել են։ Որևէ մեկը թող չհամարձակվի մեղադրել ժողովրդին»։

Տեսանյութեր

Լրահոս