ԵԱՏՄ-ի առաջին թվային նախաձեռնությունները պատրաստ են մեկնարկին
Մոտ ժամանակներս առաջին նախագիծն է գործարկվելու Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում. խոսքը վերաբերում է թվային վերահսկելիությանը, որը թվային փոխանակման եւ փոխգործակցության պայմաններ է ստեղծում նախեւառաջ առեւտրի ոլորտում եւ, իհարկե, պետական մարմինների համար: Այդ մասին, հղում անելով ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության հաղորդագրությանը, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը՝ ելույթ ունենալով չորրորդ Եվրասիական տնտեսական կոնգրեսում:
Նախարարի խոսքով՝ թվային վերահսկելիությունը թույլ կտա բիզնեսին, սպառողներին եւ պետական մարմիններին՝ տեսնել ապրանքի անցած ամբողջ ճանապարհը՝ արտադրությունից մինչեւ սպառող, եւ դյուրացնել շղթայի բոլոր մասնակիցների փոխգործակցությունը:
Կարինե Մինասյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 11-ին ԵԱՏՄ-ի երկրների նախագահները հաստատել են մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունները: «Փաստաթուղթը նոր թվային էջ բացեց եվրասիական ինտեգրացման մեջ,-նշել է ԵԱՏՄ-ի նախագահը:-Դրանում մենք որոշել ենք թվային ինտեգրացման շրջանակները, այսինքն՝ որոշել ենք, թե հատկապես որտեղ ենք համատեղ իրագործելու թվային օրակարգը: Նաեւ նախանշվել են իրագործման մեխանիզմները: Որոշված է օրակարգն իրականացնել ամենաարագ եւ ամենահուսալի եղանակով՝ նախաձեռնությունների միջոցով»:
Արտադրանքի, ապրանքների, ծառայությունների եւ Միության թվային ակտիվների շարժման թվային վերահսկելիությունը գերակայություններից առաջինն է նախաձեռնությունների համար: Այսօրվա դրությամբ հաստատված են դրանցից վեցը: Եվս հինգը վերաբերում են, մասնավորապես, թվային առեւտրին, թվային փոխադրամիջանցքներին, թվային արդյունաբերական կոոպերացմանը, տվյալների շրջանառության մասին համաձայնագրին:
Մոտավոր հաշվարկների համաձայն՝ ԵԱՏՄ-ի համատեղ թվային օրակարգի իրագործումը Միությանը կբերի ՀՆԱ-ի տարեկան մինչեւ 1 տոկոս լրացուցիչ աճ, ինչպես նաեւ գրեթե 8 մլն նոր աշխատատեղ՝ մինչեւ 2025 թվականը: Բացի այդ, ջանքերի համախմբումը թույլ կտա ԵԱՏՄ-ի երկրներին՝ դառնալու գլոբալ թվային շուկայի լիիրավ մասնակիցները:
Կարինե Մինասյանը հորդորել է փորձագիտական եւ բիզնես-հանրակցությունների ներկայացուցիչներին՝ մասնակցել թվային օրակարգի իրագործման նախաձեռնությունների ու նախագծերի քննարկմանը եւ առաջարկել իրենց նախագծերը: «Ցանկացած քաղաքացի կամ ձեռնարկատեր, բիզնես եւ պետական մարմին կարող է ԵԱՏՀ-ի հարթակ գալ իր թվային նախաձեռնությամբ, եւ մենք այն անպայման կքննարկենք հաստատված կարգին համապատասխան»,-ընդգծել է Կարինե Մինասյանը: