
«Գլխավոր դատախազությունը վաղուց պետք է դրանով զբաղված լիներ, իսկ եթե չի զբաղվել՝ լավ չի արել»

ԱԺ ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց, որ այն նիտված էր նրան, որ նրանք ավելի ձգված աշխատեն:
«Նախագահի հորդորը՝ ուղղված համայնքի ղեկավարներին միտված է նրան, որ բոլորը պետք է ձգված աշխատեն: Սա այդ կոնտեքստում պետք է դիտարկել: Իսկ համայնքի ղեկավարների գործունեությունը վերահսկելու համար ստեղծված են կոնկրետ վերահսկողության մեխանիզմներ, նոր Սահմանադրությունն ավելի է դա ընդլայնելու:
Շատ ավելի հստակեցվելու է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությունը և համայնքապետների պատասխանատվությունը»,- ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ իրենք էլ ահազանգեր ունեցել են, որ տարբեր համայնքներում տարբեր համայնքապետեր իրենց դիրքը չարաշահել են:
«Դրա մասին բարձրաձայնելը կարծում եմ, որ շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև նրանք, ովքեր վերահսկում են համայնքի ղեկավարների աշխատանքը, իրենք նախ և առաջ պետք է փորձեն իրենց աշխատանքն անել, ոչ թե հովանավորեն կամ թաքցնեն նման դրսևորումները»,- ասաց Ռուստամյանը:
Նա համոզված է, որ համայնքի ղեկավարների աշխատանքի վերահսկողությունը պետք է ոչ թե հայտարարություններով իրականացնել, այլ դրա համար պետք է գործեն հստակ մեխանիզմներ, որոնք պետք է բացառեն նման երևույթները:
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ գլխավոր դատախազությունը պետք է զբաղվի համայնքի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի հայտարարություններով: Ըստ նրա՝ գլխավոր դատախազությունը վաղուց պետք է դրանով զբաղված լիներ, իսկ եթե չի զբաղվել, լավ չի արել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Դիլիջանում համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը համայնքի ղեկավարներին հորդորել է պատշաճ կատարել իրենց պարտականությունները և զերծ մնալ չարաշահումներից և անօրինական գործողություններից: