Պարզեցվել է մաքսային ձևակերպումների գործընթացը
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը:
Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ պարզեցվել է նաև գործարքի գնի մեթոդով ձևակերպման կարգը:
«Եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսային ձևակերպման թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ, հայտարարատուն միանգամից դիմելով մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում է մաքսային ձևակերպումները»:
Արդյունքում գործընթացը դարձել է պարզ, դյուրին և արագ. արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ զգալի կրճատվել է մաքսային ձևակերպումների գործընթացը, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:
Կոմիտեի նախաձեռնությամբ մաքսային ձևակերպումների շարունակական պարզեցմամբ կատարելագործվում են մաքսային գործընթացները՝ հօգուտ բիզնեսի: Արարատյան մաքսատուն-վարչությունում փաստում են, որ գործարքի գնի մեթոդով ձևակերպման պարզեցված մեխանիզմը կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունք է արձանագրել:
Ըստ Արմեն Սարգսյանի, ավելացել է ոչ ռիսկային և ռիսկային երկրներից ներկրված ապրանքների գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը: Կարևորելով բիզնեսին բարձրորակ և արագ ծառայություն մատուցելու, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, Արարատյանում ևս հետևողական են կադրերի համալրման խնդրում. «Կադրային քաղաքականությունը մշտապես ՊԵԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մաքսային տեսուչների առջև խնդիր է դրվել՝ արագ, որակյալ և կիրթ սպասարկել հայտարարատուներին»,-վստահեցրել է կառույցի ղեկավարը:
Բարեփոխումների արդյունքում նորաստեղծ կառույցում նաև բյուջեի մուտքերի էական աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա համեմատ. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբեր ամիսներին նախկին 4 մաքսատների հանրագումարով պետբյուջե է մուտքագրվել 89 միլիարդ 178 միլիոն դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 121 միլիարդ 860 միլիոն դրամ: Աճը կազմել է 36 տոկոս»,-նշել է Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին