8 հիմնավոր պատճառ՝ մարդուն անցյալում թողնելու համար
Յուրաքանչյուրիս կյանքում գալիս է մի պահ, երբ ստիպված ենք լինում ինչ-որ մեկից բաժանվել։ Մի ժամանակ, երբ դուք նոր էիք հանդիպել այդ մարդուն, միասին ձեզ լավ էիք զգում, բայց այն բանից հետո, երբ նրան ավելի լավ եք ճանաչում և որոշ ժամանակ եք միասին անցկացնում, սկսում եք հասկանալ, որ նրա հետ հարաբերությունները ոչ միայն ձեր օգտին չեն, այլև գուցե ստիպում են ձեզ տեղում դոփել։ Հենց դրա համար ավելի լավ է՝ անցյալում թողնեք այն, ինչ եղել է։ Եկեք հստակեցնենք, թե ինչու պետք է թողնեք այդ մարդուն։
1. Թողեք, եթե գիտեք, որ այլևս երբեք միասին այնպես լավ չի լինելու, ինչպես առաջ էր
Կյանքի ընթացքում բոլորս փոխվում ենք, և դա նորմալ է։ Մենք կարող ենք հանկարծ հասկանալ, որ մեր և մեր երբեմնի մտերիմ ընկերների ճաշակներն ամբողջովին տարբեր են, ունենք տարբեր ձգտումներ, հոբբիներ և երազանքներ, որ այլևս միմյանց չենք հասկանում, և, որ մեր միջև կապը մազից է կախված։
Մտածեք՝ չի՞ եկել ժամանակը՝ ընդունել դա և թողնել այդ մարդուն։ Չէ՞ որ դա ավելի լավ է, քան կառչել նրանից, ինչն արդեն չկա, ինչը դժվար թե հաջողվի վերադարձնել, և ինչը գուցե երբեք էլ գոյություն չի ունեցել։
2. Թողեք, եթե ձեր հարաբերություններում տեղ չկա վստահության և հավատարմության համար
Եթե հոգու խորքում գիտեք, որ չեք կարող վստահել այդ մարդուն, կամ վաղ թե ուշ նա ձեզ կդավաճանի, ապա չարժե՞ հարց տալ, թե նա ձեզ ընդհանրապես պե՞տք է, թե՞ ոչ։ Վստահությունն ու հավատարմությունը միշտ էլ եղել են ցանկացած ընկերության և անձնական հարաբերությունների անկյունաքարերը, և ոչ՝ հենց այնպես։
3. Թողեք, եթե ոչ մի կերպ չեք հասկանում, թե ինչպես եք միմյանց վերաբերվում
Եթե ընկերության մեջ կամ անձնական հարաբերություններում չկան հստակ գծված սահմաններ, այդ հարաբերությունները չի կարելի համարել ո՛չ հաճելի, ո՛չ առողջ։ Թեկուզ նրա համար, որ միշտ փորձում եք գուշակել, թե ինչ արժեք ունեք այդ մարդու համար, և արդյո՞ք որևէ արժեք ունեք, թե՞ ոչ։ Եվ եթե գտնվելով նրա կողքին՝ ձեզ գնահատված չեք զգում, մտածեք՝ ինչո՞ւ եք թույլ տալիս ինչ-որ մեկին՝ ձեզ հետ նման կերպ վարվել։
4. Թողեք, եթե հարաբերությունները կամ ընկերությունը նրա հետ ակնհայտորեն վնասում են ձեզ
Եթե ընկերությունը կամ անձնական հարաբերություններմ ինչ-որ մեկի հետ ձեզ դժբախտացնում են, կամ ստիպում են խղճալ ինքներդ ձեզ, ապա եկել է այդ մարդուն հրաժեշտ տալու ժամանակը։ Չի կարելի ապրել՝ մշտապես քեզ թակարդում զգալով, կամ թույլ տալով, որ քեզ հետ վատ վարվեն։
Այնպես որ, եթե ինչ-որ մեկը մշտապես նվաստացնում է ձեզ, վիճում է ձեզ հետ և ձեզ ուշադրություն չի դարձնում, ծաղրում է, ստիպում կասկածել ձեր ուժերին, ասես՝ թքած ունի ձեզ վրա… ազատեք ձեր կյանքը բացասականից, և որքան հնարավոր է՝ արագ։
5. Թողեք, եթե ոչ մի կերպ չեք կարողանում միմյանց հասկանալ
Դժվար է ինչ-որ հարաբերություններ ունենալ մի մարդու հետ, որի հետ միշտ վիճում եք և չեք կարողանում ընդհանուր կարծիքի գալ գոնե մի հարցում։ Եթե միակ բանը, որի հետ համաձայն եք, այն է, որ դուք ոչ մի հարցում համաձայն չեք, հնարավոր է՝ եկել է այդ անիմաստ հարաբերությունները դադարեցնելու ժամանակը։
Ճակատագիրը հաճախ է միացնում իրարից տարբեր մարդկանց, և թեկուզ որոշ դեպքերում նրանք միասին են մնում, բայց ավելի հաճախ դա այդպես չի լինում։ Եվ եթե զգում եք, որ ձեր տարբերություններն իրենց հետ միայն վեճեր են բերում, ապա հրաժարվեք նմանատիպ հարաբերություններից։
6. Թողեք, եթե ձեր հարաբերությունները միայն դուք եք փորձում պահպանել
Եթե ձեզ թվում է, որ ձեր վրա եք վերցրել ձեր հարաբերությունները պահպանելու ամբողջ ծանրությունը, ապա մտածեք, թե արդյո՞ք արժե անել դա։ Եթե ինչ-որ մեկն իրոք սիրում է ձեզ, անհանգստանում է ձեր մասին, ուզում է ձեր կողքին լինել և ունի ձեր կարիքը, ապա այդ մարդը երբեք թույլ չի տա, որ ձեզ վրա վերցնեք ամբողջ ծանրությունը։
Այնպես որ, փորձեք կապել ձեր կյանքը նրա հետ, ով ոգեշնչում է ձեզ, ով ձեզ հետ հարաբերություններում տալիս է ավելին, քան վերցնում է, ով պատրաստ է պայքարել, որ մնաք իր կյանքում։
7. Թողեք, եթե նա կտրում է ձեր թևերը
Եթե հասկանում եք, որ ձեր հարաբերությունները չեն ոգեշնչում ձեզ, այլ հակառակը՝ իջեցնում են ձեզ երկնքից, խորհուրդ ենք տալիս ավելի ուշադիր նայել նրան։ Դուք արժանի եք, որ ձեր կողքին լինի մարդ, որը ունակ կլինի աջակցել ձեզ կյանքում և հավատալ ձեզ նույնիսկ այն ժամանակ, երբ ինքներդ եք դժվարանում անել դա։
8. Թողեք, եթե չեք ստանում ձեր հարաբերություններից այն, ինչ ուզում եք և ինչ պետք է ձեզ
Հարցրեք ձեզ՝ կարո՞ղ եք ցանկության դեպքում ապրել առանց այդ հարաբերությունների։ Մեզ հաճախ են ասում, որ մարդկանցից ավելին ենք սպասում, բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ պետք է համաձայնենք քչի հետ, քան իրական երջանկությունն է։
Երբեք և ոչ մի դեպքում մի ամաչեք նրա համար, որ ուզում եք՝ ձեր կողքին լինի ձեզ սիրող, հոգատար և անկեղծ մարդ։ Նա, ով ունակ է ոչ միայն լսել ձեզ, այլև հասկանալ, նա, ում կարելի է վստահել, և նա, ով ձեզ կվստահի, նա, ով կիսում է ձեր ձգտումները, և նա, ով չի կտրում ձեր թևերը, այլ օգնում է ճախրել։
Թարգմանությունը՝ 168.am-ի