ԵՄ-ն և Ճապոնիան ստեղծում են աշխարհի խոշորագույն ազատ առևտրի գոտին
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) եւ Ճապոնիան համաձայնացրել են ազատ առեւտրի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի վերջանական տարբերակը: Այդ մասին հայտարարել է ԵՀ-ի առեւտրի հարցերի պատասխանատու Սեսիլյա Մալմստրյոմը՝ դեկտեմբերի 8-ին ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Փաստորեն այս առեւտրական համաձայնագիրը խոշորագույնն Է երբեւիցե մեր կողմից համաձայնեցվածներից»,- ասել է Մալմստրյոմը:
Դրա կնքման արդյունքում կստեղծվի աշխարհում ամենամեծ ազատ առեւտրի գոտին: Երկրները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսը, կվերացնեն գոյություն ունեցող մաքսային սակագների 99 տոկոսը: Ճապոնիան G7-ի երկրների թվում Կանադայից հետո երկրորդն է, որի հետ միասնական Եվրոպան նմանօրինակ պայմանավորվածության է հասնում:
«Աշխարհին հստակ ազդանշան է ուղարկված այն մասին, որ ԵՄ-ն եւ Ճապոնիան ձգտում են համաշխարհային տնտեսությունը պահել ազատ, բաց եւ արդար շուկաների ճանապարհին՝ հստակ եւ թափանցիկ կանոններով»,- ասված է ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի համատեղ հայտարարության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: