«Չեմ ուզենա Նոր տարվա շեմին բողոքներով հանդես գալ, բայց ափսոսանքներ պետք է հայտնեմ». Կարեն Աղամյանն ամփոփում է անցնող տարին
«Չեմ ուզենա Նոր տարվա շեմին բողոքներով հանդես գալ, բայց ափսոսանքներ պետք է հայտնեմ», – հայտարարում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ու ասուլիսին մասնակցող լրագրողների ներկայությամբ ամփոփում անցնող տարին՝ թվարկելով տարվա ընթացքում արվածն ու չարվածը, ներկայացնելով ցանկությունների ու համապատասխան հնարավորությունների անհամատեղելիության պայմաններում ստեղծված իրականությունը:
Խոսելով պետական միջոցներից Նկարիչների միությանը տրամադրվող աջակցության մասին՝ բանախոսը նկատում է.
«Ստեղծագործական միությունների պարագայում պետական աջակցության մասին խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետև միությունները հասարակական կազմակերպություններ են և գործում ենք ինքնուրույն: Մեր ֆինանսական մուտքերը գալիս են միայն միության սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության գումարներից, և, եթե հիմա խոսենք այս տարվա խնդիրներից, ապա դրանք նույնն են եղել, ինչ անցյալ տարի էր՝ հայթայթել միջոցներ՝ ծրագրեր իրականացնելու համար»:
ՀՀ Մշակույթի նախարարությունը, ըստ բանախոսի, որևէ աջակցություն միության աշխատանքներին չի ցուցաբերում.
«Այս տարի հրատարակվելու է միության հնգամյակն ամփոփող ալբոմ, որտեղ զետեղված են լինելու միության բոլոր անդամների տվյալները և մեկական ստեղծագործություն: Սրա վրա ծախսվել է մոտ 4 մլն դրամ, որից այս անգամ Մշակույթի նախարարությունը կարծես թե տրամադրելու է 1 մլն-ը, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք, բայց, միևնույն է, սա շատ քիչ աջակցություն է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունենում հինգ տարին մեկ անգամ: Ուկրաինայի նկարիչների միության օրինակը բերելով՝ պետք է ասել, որ այն ֆինանսավորվում է պետության կողմից: Առհասարակ այս երկրում պետությունն աշխատավարձ է սահմանել միության բոլոր ղեկավարների համար, Ուկրաինայի մշակույթի նախարարությունից՝ հանձին պետության, միությունը ստանում է որոշակի գումարներ՝ ամեն տարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու և ընթացիկ այլ աշխատանքների համար: Մեր երկրում նման մոտեցումը բացակայում է, ինչը շատ ցավալի է»:
Անցնող տարին Նկարիչների միության համար հոբելյանական էր.
«Այս տարին մեզ համար շատ կարևոր էր, որովհետև նշում ենք մեր միության հիմնադրման 85-ամյակը: Դեկտեմբերի 15-ին Նկարիչների միությունում կբացվի հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված միության ստեղծման 85-ամյակին, որին կմասնակցեն միության անդամները, նաև նկարիչներ, որոնք դեռևս միության անդամ չեն, բայց ունեն բարձրագույն կրթություն: Եթե հանձնաժողովն ընդունի նրանց աշխատանքները, դրանք նույնպես կցուցադրվեն: Հյուրեր կամ դրսից տրամադրված աշխատանքներ հոբելյանական ցուցահանդեսին չեն լինի, որովհետև Նկարիչների միությունը, կրկին ցավոք, չունի նման ֆինանսական միջոցներ»:
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է Նկարիչների միությունը կազմակերպում ժամանակակից հայ նկարիչների հանրայնացման աշխատանքը, միության ղեկավարը պատասխանում է.
«Հայ նկարիչների հանրայնացման աշխատանքը միության գործառույթների մեջ չէ, դրանով զբաղվում են իրենք՝ նկարիչները, ստեղծելով սեփական վեբ-կայքեր, որոնց միջոցով համաշխարհային շուկա դուրս գալու հնարավորություն է ընձեռվում, թեև այնտեղ մեծ գներով վաճառվելու շանսեր գրեթե չկան, որովհետև համաշխարհային գնորդը մեծամասամբ պատրաստ է ներդրումներ կատարել նկարչական աշխարհում հայտնի անունների վրա միայն: Ժամանակակից հայ նկարիչները համացանցային պատկերասրահներում նույնպես ցուցադրվում են, բայց պետք է հասկանալ, որ Նկարիչների միությունն իր ֆունկցիաներով արտ-բիզնեսի կրող չէ: Աշխարհի ամենահայտնի արտ-դիլերն ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Լարի Գագոսյանն է, որին մենք մեկ անգամ չէ, որ դիմել ենք, բայց նա հայկական կողմի հետ համագործակցելու որևէ հետաքրքրություն դեռևս չի դրսևորում»:
Նկարիչների միության առաջիկա՝ 2018 թվականին նախատեսվելիք կարևոր իրադարձություններից Կարեն Աղամյանն առանձնացնում է երկու միջոցառում՝ Սարդարապատի 100-ամյակի և «Երևան-Էրեբունի» տոնակատարության շրջանակներում կազմակերպվելիք ցուցահանդեսները:
Մանրամասները՝ տեսանյութում: