Բաժիններ՝

Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը խաղաղ գործընթացը ետ կշպրտի «մթին ժամանակներ». Մոգերինի

Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «կարող է մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը ետ շպրտել «մթին ժամանակներ»: Այդ մասին  դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«ԱՄՆ-ի որոշումը կարող է մեզ եւ ամբողջ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը ետ շպրտել մթին ժամանակներ, որոնք մենք ավելի վաղ ապրել ենք,- ասել է նա: -Այդ տարածաշրջանի իրադրությունն ուղղակիորեն ազդում է ամբողջ աշխարհի անվտանգության վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:

«Մենք համաձայն չենք իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու եւ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշմանը՝ նախքան վերջնական կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի կնքումը»,- ընդգծել է Մեյը: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան դեկտեմբերի 7-ին կոչ է արել նոր ինտիֆադա (պաղեստինյան ապստամբություն) սկսել:

«Մենք կոչ ենք անում Պաղեստինի բոլոր ազատ մարդկանց դեկտեմբերի 8-ին մասնակցել «ցասման օրվան» եւ այդ օրը հայտարարել նոր ինտիֆադայի սկիզբ»,- նշել է նա: Հանիայի խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներին արդեն հրաման է տրված պատրաստ լինել դիմագրավելու ցանկացած սպառնալիք»: ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է լուծվի կողմերի ուղղակի բանակցություններում:

«Մեր դիրքորոշումն այստեղ հստակ է. ինչպես Ավստրիայի իշխանությունները, այնպես էլ ԵՄ-ի իշխանություններն այն կարծիքին են, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է հստակեցվի կողմերի միջեւ ուղղակի բանակցությունների ընթացքում»,- ասել է նա: Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը հայտարարել է Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել է իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել այդ քաղաք, պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա պետական այցի գաղափարից:

Քաղաքական գործչի խոսքով՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը «լուրջ անհանգստություն է առաջացնում», քանի որ ԱՄՆ-ի ղեկավարը «չի հասկանում այն վիրավորանքը, որը հասցնում է» արաբական աշխարհին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8-ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ: Հանդիպման անցկացման պահանջով դեկտեմբերի 6-ին դիմել էին Անվտանգության խորհրդի անդամ ութ պետություներ՝ Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Իտալիան, Սենեգալը, Ուրուգվայը, Ֆրանսիան, եւ Շվեդիան:

Նրանց խնդրանքով նիստում զեկույցով պետք է հանդես գա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Դեկտեմբերի 6-ին նա լրագրողներին հայտտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ուղղակի բանակցություններում, իսկ երկկողմ հակամարտության կարգավորումը պետք է ավարտվի երկու առանձին պետությունների ստեղծմամբ՝ Երուսաղեմ մայրաքաղաքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս