
«Գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե տնտեսությունը ծանր վիճակում է:
«Ինչպե՞ս եք հիմա գնահատում տնտեսական վիճակը և ինչպե՞ս եք պատկերացնում այն 2018-ին»,- դիմելով վարչապետին՝ հարցրեց Ս. Բագրատյանը: Նա առաջարկում է ապամոնոպոլիզացնել տնտեսությունը:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի: Կանխատեսում ենք, որ մինչև տարվա վերջ ավելի մեծ աճ կունենանք, քան նախատեսել ենք: Տարվա վերջում մենք հաշվետվություն կներկայացնենք: Մենք ունենք երկու տեսակի մոնոպոլիա՝ բնական և շուկաներ, որտեղ գերիշխող դիրք ունեցող խաղացողներ կան: Բոլոր շուկաներում, որտեղ գերիշխող դիրք ունեցողներ կան, եթե դիմեք հարկայինին, ձեզ կասեն, թե ինչպես են այս մեկ տարվա մեջ այդ բոլոր ոլորտներում խաղացողների քանակը և ծավալները փոխվել: Այդ ուղղությամբ աշխատանքները գնում են»: