Բաժիններ՝

Time հանդեսը «Տարվա մարդ» հայտարարեց սեռական բռնության դեմ շարժման մասնակիցներին

Time ամերիկյան հանդեսի խմբագրությունը «Տարվա մարդ» է հայտարարել սեռական բռնության դեմ շարժման մասնակիցներին, որոնք միավորվել են #MeToo (# ես նույնպես) հեշթեգի ներքո: Այդ մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 6-ին NBC հեռուստաալիքի Today առավոտյան շոուի եթերում:

Խոսքը վերաբերում է այն կանանց, որոնք ուշադրություն հրավիրեցին հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, նախեւառաջ շոու բիզնեսում, սեռական ոտնձգությունների խնդրի վրա: Ձայների հաշվումից հետո երկրորդ տեղում հայտնվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, երրորդում՝ Չինաստանի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը:

#MeToo շարժումը սկիզբ է առել այն բանից հետո, երբ The New York Times-ը հոկտեմբերին հրապարակեց հետաքննություն, որում ասվում էր, որ Հոլիվուդի պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը տասնամյակներով հետամտել է կանանց, բայց այդ դեպքերը չեն հրապարակվել:

Դրանից հետո նրա կողմից սեռական հետամտումների մասին հայտարարել են տասնյակ դերասանուհիներ եւ կինոընկերությունների աշխատակցուհիներ, այդ թվում՝ Էշլի Ջադը, Ռոուզ Մաքգոուենը, Ազիա Արջենտոն, Լեա Սեյդուն, Լենա Հիդին, Գվինեթ Փեթրոուն, Անջելինա Ջոլին: Ավելի վաղ Time հանդեսի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքներով «Տարվա մարդ» էր ճանաչվել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը:

Արքայազնի օգտին քվեարկել էր լսարանի 24 տոկոսը: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը գլխավորել է նոյեմբերի 4-ին ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն: Հաջորդ օրը նա կարգադրել է ձերբակալել իշխող ընտանիքի 11 անդամների եւ 40-ից ավելի հայտնի պետական գործիչների, ազդեցիկ նախկին պաշտոնյաների ու գործարարների՝ փողերի լվացման, ծառայողական դիրքն անձնական շահերի համար օգտագործելու, գոյություն չունեցող գործարքներ կնքելու եւ կաշառքներ ստանալու մեղադրանքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս