Ապացուցողական բժշկությունը չի հաստատում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից անպտղության առաջացման տեսակետը
Տեսակետը, թե պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը առաջացնում է անպտղություն, ապացուցողական բժշկության տեսակետից չի համապատասխանում իրականությանը:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը:
«Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվածների շարքում հղիության քանակն ավելի շատ է եղել, քան չպատվաստվածների: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման ազդեցության մասին բազմաթիվ հակասական տեսակետներ են հնչում: Սակայն դրանք գիտականորեն ապացուցված չեն»,- ասաց ԳՀԻ տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ մահվան դեպք անմիջականորեն կապված պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հետ, չի գրանցվել «Ես անձամբ չեմ տեսնում որևէ գիտական ապացույց, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը կարող է բացասական հետևանքների հանգեցնել»,- ասաց Մելիք-Անդրեասյանը:
Պապիլոմա վիրուսները բավականին տարածված են: Կա դրանց մոտ 200 տեսակ: Ապացուցված է, որ պապիլոմա վիրուսները արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառ են դառնում: Սակայն պապիլոմա վիրուսով վարակված լինելու դեպքում միշտ չէ, որ առաջանում է արգանդի պարանոցի քաղցկեղ: Առաջնահերթ է վիրուսի կանխումը: Պատվաստումը ոչ թե բուժում է արգանդի պարանոցի քաղցկեղը, այլ կանխարգելում այն: