«Մեսսիի վերաբերյալ «Սիթիի» առաջարկի մասին տեղեկությունը ճիշտ չէ». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերքել է թարմ շշուկներն այն մասին, որ «քաղաքայիններն» առաջարկ են արել Մեսսիին, սակայն վերջինիս տեղափոխությունը չի կայացել:
Նախօրեին Marca պարբերականը հաղորդել է այն մասին, որ Լիոնել Մեսսին հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» գերշահավետ առաջարկից, որը նախատեսել է տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ և գերադասել է նոր պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ:
Տեղեկությունն այն մասին, որ «քաղաքայինները» փորձել են ստանալ Մեսսիին, հերքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: «Լեո Մեսսին պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ մի քանի շաբաթ առաջ: Այդպես չի լինում, որ մարդ պայմանագիր ստորագրի և անմիջապես հեռանա: Լեոն կավարտի կարիերան «Բարսելոնայում»՝ չնայած նման ֆուտբոլիստ թիմումս ունենալու իմ ցանկությանը: Ձեզ այսպես կասեմ. Մեսսիի մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը