
«ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում». Խամենեի

ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արեւելքում. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում է նրանց անզորության մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Թրամփը դեկտեմբերի 6-ին կհայտարարի Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:
«Այսօրվա դրությամբ բռնակալն Ամերիկան է, սիոնիստական ռեժիմը եւ տարածաշրջանում նրանց բոլոր քսու արբանյակները, որոնք ցանկանում են պատերազմ սկսել, ինչը ԱՄՆ-ի ծրագիրն է»,-հայտարարել է Խամենեին, որի խոսքը հրապարակված է նրա Telegram-ալիքում:
Իրանի գերագույն ղեկավարը նաեւ նշել է, որ «Երուսաղեմը բռնազավթված Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու ցանկության վերաբերյալ թշնամիների հայտարարությունն արվում է նրանց անզորության եւ թուլության պատճառով», հավելելով, որ Պաղեստինը ազատ է լինելու:
«Պաղեստինի հարցում նրանց ձեռքերը կապված են, եւ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին»,- հայտարարել է Խամենեին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: