
Բանգլադեշը 100 հազար ռոհինջա մուսուլմանների կվերաբնակեցնի անմարդաբնակ կղզում

Բանգլադեշի իշխանությունները հավանություն են տվել Մայանմայից շուրջ 100 հազար ռոհինջա փախստականների Բենգալյան ծոցի՝ հեղեղումների ենթակա Թենգար Չար անմարդաբնակ կղզում վերաբնակեցնելու պլանին: Այդ մասին հայտնել է CNN ամերիկյան հեռուստաալիքը:
Նշվում է, որ այդ պլանը երկրի կառավարության վրա կնստի 278 մլն դոլար եւ պետք է իրագործվի մինչեւ 2019 թվականի նոյեմբեր:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ «մոտ ժամանակներս» կսկսեն կառուցապատել Թենգար Չար կղզին, որը ներկայում համարվում է անբարդաբնակ: Իրենց հերթին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են փախստականներին վերաբնակեցնելու պլանը:
«Հուսահատ կերպով փորձելով այնպես անել, որ ռոհինջաները թողնեն փախստականների ճամբարները եւ ի վերջո վերադառնան Մյանմա, նրանք (Բանգլադեշի իշխանությունները) սպառնալիքի տակ են դնում ռոհինջա փախստականների անվտանգությունն ու բարեկեցությունը»,-հայտարարել է «Միջազգային համաներման» հարավասիական մասնաճյուղի տնօրեն Բիրաջ Պատնակը:
Այս տարի ավելի վաղ Մյանմայից 620 հազար ռոհինջաներ են փախել Բանգլադեշ: Զանգվածային միգրացիայի պատճառ է դարձել Ռաքհայնի նահանգում մուսուլմանների եւ բիրմացիների միջեւ երկար տարիներ հասունացող հակամարտության սրվելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: