Բաժիններ՝

«Մեզ բռնում են, ասում են՝ թոշակները խի՞ չեք բարձրացնում, էս երկիրը խի՞ երկիր չեք սարքում…». Նիկոլ Փաշինյան

«Կարող ենք միանշանակ ասել, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա ընդունում է նաև կառավարությունը, որովհետև բյուջեի նախագծով՝ 2018 թվականի գնաճը կանխատեսվել է 4 տոկոս. «Սա վերջին տարիների գնաճի ամենաբարձր կանխատեսումն է: Շատ մեծ է հավանականությունը, որ իրականությունում այդ թիվն ավելի մեծ կլինի: Փաստն այն է, որ արդեն մի շարք ապրանքներ թանկացել են: Պաշտոնական թվեր եմ ուզում ասել, կարագը թանկացել է՝ 39 տոկոսով, խոզի միսը՝ 40 տոկոսով, տավարի միսը՝ 20 տոկոսով, բենզինը՝ 8 տոկոսով, լիցքավորման գազը թանկացել և շարունակում է թանկանալ:

Իսկ եկող տարի սպասվող թանկացումներն անխուսափելի են, որովհետև կապված են երկու հիմնական և անխուսափելի գործոնների հետ. Շուրջ 700 անուն ապրանքների մասով ԵԱՏՄ նոր մաքսատուրքերի ուժի մտնելն է, մյուսը՝ Հարկային նոր օրենսգիրքը: 2018 թվականի սպասվում է օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված բնական գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճի, դեղորայքի, ատամի մածուկի և բազմաթիվ այլ ապրանքների թանկացումներ»:

Նրա խոսքով՝ կառավարությունն այս իրավիճակի նկատմամբ խորն արհամարհանք է ցուցաբերում. «Թերևս, հաշվի առնելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատգամը, որ ասում էր՝ «չխոսենք ճգնաժամի մասին, որ ճգնաժամը չգա»: Հիմա կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որ թանկացումները չգան: Այս արհամարհանքը ոչ թե պլատոնական արհամարհանք է, այլ շատ կոնկրետ: Սա մեզ համար անընդունելի մոտեցում է»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ, եթե նայում ենք այս կառավարության, այս խորհրդարանի, այս իշխանության ծագումնաբանությանը, սա շատ տրամաբանական մոտեցում է, որովհետև, նրա խոսքով, գործող իշխանությունն այս ընտրություններում ստացել է 700 քանի հազար ձայն ու դրա 90 տոկոսը ստացել է ընտրակաշառքով.

«10 հազար դրամը տվել են, ձայնը ստացել են, այսպես՝ 700 հազար անգամ: Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել ինձ, թե այս խորհրդարանական մեծամասնությունն ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ ՀՀ քաղաքացիներն ավելի լավ ապրեն, քան՝ մինչև 2017 թվականի ապրիլի ընտրությունները, ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ աղքատությունը վերանա, ինչո՞ւ պետք է ուզենա, որ մարդը լավ ապրի, որովհետև, երբ մարդը լավ ապրեց, 10 հազար դրամն իր համար մեծ գումար չի լինելու, որ նա ՀՀԿ-ից վերցնի ու քվեարկի նրա թեկնածուների օգտին:

Մի ժամանակ անեկդոտ կար, ասում էին՝ մի քիչ էլ կվատանա, ու տենց էլ կմնա: Հիմա մենք արդեն դրա մեջ ենք, մի քիչ էլ վատացել է ու սենց մնալու է: Այս իշխանությանը, այս կուսակցությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին 10.000 դրամին «կակա» ասի: Եթե մարդիկ մի քիչ լավ ապրեցին, այս խմբակցության կեսն ընդհանրապես ի՞նչ գործ ունի ԱԺ-ում նստած»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ իր խոսքը ոչ թե ներկաներին է ուղղված, այլ ժողովրդին.

«Ես չեմ հասկանում՝ ՀՀԿ-ի պատգամավորներին մեր քաղաքացիները չե՞ն հանդիպում: Մեզ բռնում են, ասում են՝ թոշակները խի՞ չեք բարձրացնում, էս երկիրը խի՞ երկիր չեք սարքում… ՀՀ հարգելի քաղաքացիներ, չենք անում շատ պարզ պատճառով՝ դուք 10.000 դրամը վերցրել եք և քվեարկել եք՝ հանուն ձեր աղքատության շարունակականության: Սա ձեր ընտրության արդյունքն է: Վայելեք, դուք լավ չեք ապրելու, որովհետև այն պահին, երբ լավ ապրեցիք, այս իշխանությունը կդադարի գոյություն ունենալ: Դուք շարունակելու եք մնալ աղքատ, անպաշտպան, գաղթական…»:  Ն. Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս