
Հասուն պտուղը մահացել է. բժիշկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Երևանում մանկաբարձ-գինեկոլոգը կանգնել է դատարանի առաջ՝ իր մասնագիտական պարտականությունները չկատարելու մեղադրանքով։
Մանկաբարձական բաժնի ղեկավար, բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փաստացի հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, ունենալով պարտականություն անմիջականորեն ղեկավարելու բաժնի կառուցվածքում ընդգրկված բաժանմունքների, կաբինետների և ենթաբաժինների գործունեությունը, կազմակերպելու և ապահովելու հիվանդների ժամանակին հետազոտումը և բուժումը, 2017 թ հունվարին հիվանդանոց ընդունված կնոջը՝ պտղի հիպօքսիա հայտնաբերելու և ծննդալուծումը կեսարյան հատման միջոցով կատարելու ցուցումի պայմաններում, տվյալ վիրահատությունը նախապատրաստող բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգին հանձնարարել է մասնակցել մեկ այլ վիրահատության կատարմանը, ինչպես նաև հիշյալ բուժհիմնարկի մանկաբարձական բաժնում այդ պահին գտնվող հերթապահ այլ մանկաբարձ- գինեկոլոգին չի հանձնարարել ծննդալուծումը կատարել կեսարյան հատման միջոցով:
Այսինքն՝ վերջինիս բուժման գործունեությունը չի կազմակերպել` դրանով իսկ չկատարելով իր մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որի հետևանքով կնոջ իգական սեռի հասուն պտուղը մահացել է, տեղի է ունեցել հղիության ընդհատում՝ կնոջ առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս: