«Կարագն այնքան է թանկացել, որ մարդիկ արդեն կարագն են գրավ դնում». Էդմոն Մարուքյան
«Ցավոք, խորհրդարանում կրկին արձանագրվեց այն դիսբալանսը, որ մենք ունենք հայկական քաղաքական համակարգում առ այն, որ մենք նաև քաղաքական փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ չունենք»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ, քանի որ միայն «Ելք»-ն էր դրան կողմ քվեարկել:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ ասաց, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի արհեստական հակադրությունը չի բխում Հայաստանի շահերից:
Է. Մարուքյանն անդրադարձավ Ս. Ֆարմանյանի ելույթին՝ ասելով, որ իրենք հակադրության մասին չեն խոսել. «Հակադրությունը եղել է ՀՀԿ-ի մեր գործընկերների փաստարկների մեջ: Ես առաջարկում եմ մարզերով այցելել գյուղեր և քաղաքներ ու մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ են ապրանքներն այսպես ամենօրյա ռեժիմով թանկանում, և հունվարի 1-ից ինչո՞ւ են ապրանքները թանկանալու ուժի մեջ մտնող մաքսային օրենսդրությամբ և Հարկային օրենսգրքով:
Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, ապրանքները չեն թանկացել: Կարագն այնքան է թանկացել, որ մարդիկ արդեն կարագն են գրավ դնում, դրա մասին մտածեք»: