General Motors-ի անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի փողոցներում կհայտնվեն 2019 թվականին
General Motors (GM) ամերիկյան ավտոշինաական հսկայի արտադրության անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքների փողոցներում կհայտնվեն արդեն 2019 թվականին: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը:
Ինչպես GM-ի ներկայացուցիչները հայտարարել են ներդրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, կորպորացիան մտադիր է ինքնակառավարվող ավտոմեքենաների օգնությամբ ուղեւորների եւ բեռների փոխադրման առեւտրային ծառայություններն առաջարկել երկու տարի հետո: Մինչ այդ ընկերությունը մտադիր է ավարտել ինքնակառավարվող ավտոմեքենաների թեստերը, որոնք արդեն անցկացվում են ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:
Այսպես, Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ), Դեթրոյթում (Միչիգանի նահանգ) եւ Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) GM-ն փորձարկում է Chevrolet Bolt անվարորդ էլեկտրաքառերը: Հաջորդ տարվա սկզբին ընկերությունը պլանավորում է փորձարկումների ձեռնամուխ լինել Նյու Յորքի փողոցներում:
Թեստերի ժամանակ յուրաքանչյուր նման ավտոմեքենայում անվտանգության նպատակներով գտնվում է կորպորացիայի աշխատակիցը, որի գործառույթները ներառում են սարքավորման աշխատանքի մասին տեղեկատվության հավաքումը եւ երթեւեկության ընթացքում հնարավոր արտակարգ իրավիճակներին հակազդելը: Սակայն լիարժեք կոմերցիոն գործարկումից հետո ավտոմեքենաներում կգտնվեն միայն ուղեւորներ:
«Խելացի ավտոմեքենաների օգտագործման բնագավառում GM-ի մրցակիցներից մեկը Waymo ընկերությունն է, որը, ինչպես եւ Google-ը, մտնում է Alphabet հոլդինգի մեջ: Ներկայում այն համարվում է այս բնագավառի առաջատարը. ութ տարվա ընթացքում նրա անվարորդները երկրի 20 քաղաքներում ընդհանուր առմամբ անցել են 5 մլն կիլոմետր: Բայց, ի տարբերություն GM-ի, Waymo-ն իր փորձարկումներն անցկացնում է խոշոր քաղաքներից դուրս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: