«Իրանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները». Նալբանդյան

Իրանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Իրանի միջև հաստատված 25-րդ հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով են զարգացել՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Գիտակցում ենք, որ առկա է մեծ ներուժ, և մենք տրամադրված ենք համատեղ ջանքերով այն խորացնել, ընդլայնել, ամրապնդել»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ տեղեկացնելով, որ այսօր Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

ՀՀ արտգործնախարարի համոզմամբ՝ երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդարձակ է եւ ներառում է տնտեսական, կրթական, բնապահպանական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներ:

«Գործում են մի շարք էներգետիկ, ենթակառուցվածքային ծրագրեր, տրանսպորտի բնագավառում»,- նշեց Էդվարդ Նալբանդյան՝ ընդգծելով, որ հանդիպման օրակարգում են տնտեսական համագործակցության խթանման հարցերը:

«ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությանը՝ նա նշեց, որ այդ ոլորտում փոխանակումները եւս հագեցած են:

«Մեկ ամիս առաջ Թեհրանում բացվեց Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի Ազգային թանգարանի համատեղ ցուցահանդեսը»,-ասաց նա: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային, տարածաշրջանային հրատապ հիմնախնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, քննարկել են միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնություններին առնչվող հարցեր:

«Պարոն Զարիֆին ներկայացրի Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին, այս համատեքստում կարևորում ենք միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը»,-եզրափակեց ՀՀ արտգործնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս