«Հարկ չեմ համարում խոսել ձախողումների մասին, որովհետև շատ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կբերի մեր հարաբերություններին». Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։
«Ես և իմ գործընկերները պատրաստ ենք մեր ջանքերը գործի դնել, որպեսզի համաձայնագիրն իրականություն դառնա։ Այս համաձայնագիրը շատ կարևոր է, այն նոր դռներ է բացում, բայց ամենակարևորն այն է, որ այն լավագույնս կյանքի կոչվի։ Այնպես որ, հիմա բոլորս կենտրոնացած աշխատում ենք, որպեսզի այն իրականություն դառնա։ Պատրաստվում ենք պայմանագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ հիմքը, լավ կապեր ենք հաստատում ՀՀ գործընկերների հետ։
Հիմա աշխատելու ժամանակն է, ոչ թե ընդմիջում վերցնելու, պետք է ավելի ինտենսիվ դարձնենք մեր աշխատանքը, որպեսզի ավելի տեսանելի լինի սովորական հայաստանցու տեսանկյունից։ Սա անում ենք սովորական հայաստանցու համար։ Իհարկե, դիվանագետներն են բանակցել այս փաստաթուղթը, բայց այն հասարակ քաղաքացիների համար է»,- նշեց դեսպանը։
Հարցին՝ եթե ՀՀ-ն իր ստանձնած պարտավորությունները թերի կատարի, որո՞նք են մեխանիզմները, որոնց միջոցով ԵՄ-ն փորձելու է վերահսկել այդ պարտավորությունների կատարման գործընթացը, ի՞նչ կլինի, եթե դրանք չկատարվեն կամ մասամբ կատարվեն, դեսպանն այսպես պատասխանեց.
«Համաձայնագիրը համագործակցային բնույթի է, սա նշանակում է, որ այն մեր համատեղ ջանքերի ու պարտականությունների մասին է։ 2 կողմ ունի համաձայնագիրը, 2-ն էլ հանձնառություն են վերցրել՝ ինտենսիվացնել իրենց հարաբերությունները։ Այստեղ տարբեր ոլորտների մասին խոսք կա, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, դեմոկրատիայի, և սա շատ կարևոր է, որովհետև այսպես մենք միատեղում ենք մեր ջանքերը։ ԵՄ-ն քաջալերում է, աջակցում է, բայց երբեք ոչինչ չի պարտադրում, այնպես որ, այս գեղեցիկ համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ կարող ենք ասել, որ մենք հանձնառու ենք կատարել ավելին և վստահ ենք, որ լավ ոգով կկատարվեն այդ հանձնարարականները։
Հարկ չեմ համարում խոսել ձախողումների մասին, որովհետև շատ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կբերի մեր հարաբերություններին։ Ես միշտ եմ լավատես եղել, նաև մի քանի ամիս առաջ, որ սա այս տարի իրականություն կդառնա։ Նաև շատ լավատես եմ դրա իրագործման առումով, սա երկկողմանի համաձայնագիր է, և վստահ եմ, որ հաջողության կհասնենք»։
Լրագրողը հետաքրքրվեց, թե 4 տարի առաջ ո՞վ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից՝ հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով 4 տարի առաջ չստորագրված ՀՀ-ԵՄ պայմանագրի մասին, ասել է, որ ԵՄ-ն է հրաժարվել դրա ստորագրումից։
Ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Դա իրո՞ք այդքան կարևոր է։ Ընկերներ, եկեք՝ ապագային նայենք, չեմ կարծում, որ ժամանակն է անցյալին նայելու և կրկնելու այն զգացմունքները, որ կային 2013թ.։ Հիմա մենք հստակ գիտենք, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, և տարբերվում է ասոցացման համաձայնագրից։ Սա ասոցացման համաձայնագիր չէ, բայց ԵՄ-ն միշտ նաև առաջնորդվում է իր գործընկերների մղումներով։ Այնպես որ, սխալ է խոսել այն մասին, թե ԵՄ-ն ինչ-որ բան է պարտադրում։ Ճիշտ կլիներ խոսել դրա մասին, եթե այս համաձայնագիրը նման լիներ 2013թ. բանակցված համաձայնագրին։
Այդ դեպքում քննադատություն կընդունեի ԵՄ-ի հասցեին, բայց սա այլ համաձայնագիր է, և բացատրվում է, որ հաշվի են առնվում ՀՀ հանձնառություններն ու պարտավորություններն այլ միությունների նկատմամբ։ Բայց անցյալում երկու կողմն էլ պատրաստակամ են եղել նոր համաձայնագիր ունենալու, որը չի խանգարի այլ պարտավորություններին։ Ես հավատում եմ, որ այս համաձայնագիրն արտացոլում է այս պահին եղած բոլոր հնարավորությունները։ Եկեք առավելագույնը քաղենք այս համաձայնագրից, որովհետև այն լավ և հավակնոտ համաձայնագիր է»։