Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը հավանություն է տվել Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ ՀՀ առաջարկություններին
Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվել է Երևանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանն է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգոխոսը և քննարկումմների հիմնական թեմաները։
Հայաստանի առաջարկությամբ որոշվել է Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։
«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հաստատել է որպես Երևանյան գագաթաժողովի կարգախոս։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ այդ կարգախոսը դրվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկվելիք նոր հիմնարար փաստաթղթի՝ Երևանյան Պակտի հիմքում։ Նախարարի խոսքերով, Պակտը կարտացոլի Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները՝ մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև պայքարը այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը և ատելության սերմանումը։
Նախարարական համաժողովի մասնակիցները դիտել են Հայաստանի մասին այցեքարտ-ֆիլմ՝ Գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։
Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն է տվել Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի բոլոր առաջարկություններին: