
«Բավարիայի» նախագահը չի բացառում, որ Հայնկեսը կմնա նաև հաջորդ մրցաշրջանում

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը ենթադրում է, որ ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարող է շարունակել աշխատանքը թիմի հետ նաև հաջորդ մրցաշրջանում: 72-ամյա մասնագետի պայմանագիրը գործում է մինչև ընթացիկ առաջնության ավարտը: Ավելի վաղ Հայնկեսը բացառել էր պայմանագրի երկարաձգման հնարավորությունը:
«Ես կարծում եմ, որ դա հնարավոր է, այո: ՊՍԺ-ից կրած պարտությունը Չեմպիոնների լիգայում ստիպեց ակումբին արթնանալ: Այդ գիշեր մենք ուղղություն սահմանեցինք, որին հետևում ենք վերջին 6 շաբաթների ընթացքում: Այդ ժամանակվանից «Բավարիան» անցկացրել է 9 խաղ և բոլորը հաղթել է: Յուպ Հայնկեսի հետ թիմում տրամադրությունը փոխվել է»,- Հյոնեսին է մեջբերում Goal-ը:
12 տուրերից հետո «Բավարիան» հավաքելով 29 միավոր՝ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը