«Սա ոչ թե հայկական դիվանագիտության, այլ ԵՄ դիվանագիտության հաղթանակն էր». Արմեն Բադալյան

«Սա ոչ թե հայկական դիվանագիտության, այլ ԵՄ դիվանագիտության հաղթանակն էր»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ 2013թ. սեպտեմբերի 3-ին, երբ մեկ գիշերվա մեջ գործող ՀՀ նախագահը հրաժարվեց ստորագրել նախկին պայմանագիրը, դա ԵՄ-ի մոտ անորոշություն առաջացրեց.

«Բայց քանի որ ԵՄ-ն նպատակ ունի իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում, այդ անորոշությունից հետո սկսվեց այս գործընթացը, որն ավարտվեց հաղթանակով։ Այսինքն՝ եթե սա հաղթանակ էր, ապա ոչ թե հայկական դիվանագիտության հաղթանակն էր, այլ առաջին հերթին՝ ԵՄ դիվանագիտության։

2013թ. ԵՄ-ն ուզում էր ճակատային գրոհով վերցնել Հայաստանը, ինչպես դա արեց Մոլդովայում, Ուկրաինայում և Վրաստանում։ Ճակատային գրոհով չստացվեց․ ՌԴ-ի կողմից ճնշում եղավ, և ՀՀ նախագահը մեկ գիշերվա մեջ փոխեց իր կարծիքը։ Դրանից հետո ԵՄ նպատակները չփոխվեցին, այլ դրանց հասնելու մեթոդոլոգիան փոխվեց։

Այսինքն՝ ճակատային գրոհը դրվեց մի կողմ, և զուտ քաղաքական մասով կարողացան այդ պայմանագիրը կնքել։ Տնտեսության մասին քիչ բան կա գրված, և առաջին հայացքից թվում է, թե քիչ է ազդելու տնտեսության վրա, բայց եթե խորապես ուսումնասիրեք, ապա շատ է ազդելու՝ ընդամենը մի քանի տոկոս ավելի քիչ, քան նախկին պայմանագիրը»։

Քաղտեխնոլոգն ընդգծեց՝ Ռուսաստանը և Արևմուտքը, այդ թվում՝ ԵՄ-ն, Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը տարածելու ուղղությամբ պայքարը չեն դադարեցրել.

«Եթե նախկինում կարող էինք ասել, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա միանշանակ է և 100 տոկոս է, ապա ստորագրման պահից առաջ ՌԴ ազդեցությունն էականորեն իջել էր, և ՌԴ-ԵՄ ազդեցությունը Հայաստանի վրա մոտավորապես 55/45% էր՝ հօգուտ Ռուսաստանի։ Հիմա այդ թիվը մոտավորապես 52/48% է։

Այս թվերը պայմանական են, իհարկե, բայց համաձայնագրի վավերացումից հետո 49/51% հարաբերակցություն կլինի, և այդ տոկոսները որոշ ժամանակ հետո իրենց տեղերը կփոխեն, կամաց-կամաց կնվազի ՌԴ ազդեցությունը Հայաստանի վրա։ Այս համաձայնագրում մոտ 400 հոդված կա, որոնք կդառնան օրենք, ինչը նշանակում է, որ ԵՄ-ն մոտ 400 անգամ առիթ է ստանում՝ ազդելու ՀՀ իշխանությունների վրա բոլոր բնագավառներում։ ՀՀ իշխանություններն անընդատ գտնվելու են ԵՄ ճնշման տակ»։

Շատ է քննարկվում այն հարցը, թե արդյո՞ք ստորագրելուց հետո ՀՀԿ-ն կիրականացնի իր պարտավորությունները։ Բադալյանը նկատեց՝ իհարկե, ՀՀԿ-ի համար սա լավ PR է, որ ասեն՝ տեսեք՝ աշխատում ենք և՛ ԵՏՄ-ի, և՛ ԵՄ հետ, «և-և»-ի քաղաքականությունն առաջ ենք տանում։

«Այսինքն՝ ՀՀ իշխանությունները գուցե փորձեն ստորագրելուց հետո սա չիրականացնել, դրա օրինակը Ուկրաինան է, որը ստորագրել է, բայց դժվարությամբ է իրականացնում բազմաթիվ կետեր, ինչը դժգոհություն է առաջացնում ԵՄ-ի մոտ։ Բայց ՀՀ-ի և Ուկրաինայի միջև մեծ և որակական տարբերություն կա․ Ուկրաինայում կան բազմաթիվ մեծ ֆինանսաարդյունաբերական, քաղաքական միավորումներ, որոնք նաև ներքին հակասություններ ունեն, ներքին մրցակցություն կա իրենց և երկրի նախագահի միջև, այնտեղ բավականին բարդ է իրավիճակը։

Ի տարբերություն Ուկրաինայի՝ Հայաստանն այդ խնդիրը չունի, այստեղ բոլոր գործարարները միանշանակ ենթարկվում են Բաղրամյան 26-ին, և ոչ ոք չի կարող ինքնուրույն, անկախ գործունեություն իրականացնել։

Եթե Բաղրամյան 26-ից հրաման գա՝ պայմանագրից բխող օրենքի նախագծերին կողմ քվեարկել, նրանք անկասկած քվեարկելու են։ Այսինքն՝ իշխող վերնախավի մեջ չկա ինքնուրույն քաղաքական գիծ տանող ուժ, որը փորձի հակասության մեջ մտնել»։

Քաղտեխնոլոգը համոզված է՝ իշխանությունները չեն կարող սա իրենց PR-ի համար օգտագործել և չիրականացնել, որովհետև ԵՄ-ն այն կառույցը չէ, որը թույլ տա անել դա.

«Եթե ՀՀ իշխանություններն անգամ նման նպատակ ունեն, ապա դա չի իրականանալու, որովհետև ԵՄ-ն բավականին մեծ ազդեցություն ունի ՀՀ գործարարների վրա։

Մամուլը շատ է գրում, որ վերջին տարիներին Հայաստանից մոտ 10 մլրդ դոլարի չափ գումար է դուրս եկել․ այդ գումարները հաստատ ՌԴ չեն գնացել, այլ գտնվում են արևմտյան ֆինանսական կառույցներում, և կապ չունի՝ դա բանկային համակա՞րգ է, անշարժ գույքի տեսքո՞վ է, թե՞ օֆշորում է գտնվում։

Եթե ՀՀ իշխող քաղաքական վերնախավը փորձի այս համաձայնագրից բխող օրենքները կամ այլ իրավական փաստաթղթերը ձգձգել, չիրականացնել, խնդիրներ կունենա այդ գումարների հետ, իսկ ՀՀ իշխող վերնախավի համար գումարը սրբություն է, հանուն գումարի նրանք ամեն ինչ կանեն․ ոչ միայն օրենքներին կողմ կքվեարկեն, այլ նույնիսկ դրանք կկարդան, որպեսզի իմանան, թե ինչին են կողմ քվեարկում։ Այսինքն՝ սա չի լինելու PR»:

Արմեն Բադալյանը հավելեց.  «Եթե դիտարկելու լինենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի օրինակով, որովհետև նույն վեկտորն է, ապա կարող ենք ասել, որ միայն այս համաձայնագրով չի ավարտվելու ամեն ինչ․ հետագայում այլ համաձայնագրեր ևս կկնքվեն։ Չի բացառվում, որ շուտով կսկսեն խոսել ՀՀ-ում հահակոռուպցիոն դատական մարմին ստեղծելու մասին, որը կա վերոնշյալ երեք երկրներում։ Սա ևս մեկ լծակ է ՀՀ քաղաքական համակարգի վրա ազդելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս