«Ռուսաստանի այդ ցանկությունը, լավ կլինի, իր փորում մնա». Վովա Վարդանով

«Ապրիլյան թեժացումը երևի Ռուսաստանը չի հրահրել, հուսանք, որ մեր դաշնակիցն այդքան ստոր չէ, բայց ինձ թվում է՝ նա փորձեց օգտվել այդ իրավիճակից, որն Էրդողանի դրդմամբ ստեղծեց Իլհամ Ալիևը։ Այդ ժամանակ միանգամից ռուսական խաղաղապահ ուժերի մասին խոսվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի շահերից է բխում՝ ռազմական ներկայություն ունենալ Հարավային Կովկասում. «Եթե նույնիսկ ՌԴ-ն նման ցանկություն ունի, ապա խաղաղապահների ներկայությունը թույլ չեն տա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այսինքն՝ Եվրոպան և Ամերիկան։ Բացի այդ՝ խաղաղարարները մտնում են այնտեղ, որտեղ կողմերը համաձայն են։ Մենք լավ հիշում ենք ռուսների խաղաղապահ լինելու հետևանքները․ թե՛ տխրահռչակ «Օղակ» օպերացիան ենք հիշում, թե՛ հիշում ենք՝ ինչպես էին մարդկանց տեղահանում իրենց բնակավայրերից։ Ռուսաստանի խաղաղապահությունից մենք կարգին կուշտ ենք, էլ չեմ ասում, թե միջազգային խաղաղապահությունն ինչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այն կողմի համար, որը քիչ փող ունի, իսկ մենք ավելի քիչ փող ունենք, քան մերձկասպյան թուրքերը։ Ռուսաստանի այդ ցանկությունը, լավ կլինի, իր փորում մնա. մենք դրա դեմ պետք է պայքարենք»։

Անդրադառնալով Նախիջևանի զորավարժություններին՝ Վարդանովն ուշադրություն հրավիրեց մի կարևոր փաստի վրա․

«Եթե սրանից 10 տարի առաջ թուրքերի զորախաղերն անցկացվում էին 500-800 հոգով, սրանից 6 տարի առաջ՝ մոտավորապես 3000-4000, հիմա մասնակցիների թիվը հասնում է 20 հազարի։ Դա մեզ ասում է, որ թուրքը զարգանում է, և բացի զարգանալուց՝ սովորում պատերազմել։ Նրանք մյուս անգամ ավելի վտանգավոր են լինելու, քան նախկինում»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս