«Ջրի թանկացումը կբերի հերթական գնաճի, քաղաքացու դժգոհության». Բաբկեն Պիպոյան
«Թանկացումն ինքնին թանկացում է, թե ո՞վ է վճարում դրա համար, նշանակություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով ջրի սակագնի բարձրացման մասին:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 22-ին, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը:
Բ. Պիպոյանի խոսքով՝ ՀԾԿՀ-ն չի հասկացել, որ, եթե ինչ-որ ոլորտում վճարում է իրականացվում, դա գնում է սպառողի գրպանից. «Ինչ վերաբերում է ջրի հերթական թանկացմանը, ըստ էության, գործիքակազմ չկա, կառավարությունը հերթական անգամ կապել է պայմանագիր, որտեղ վերահսկողական մեխանիզմները բացակայում են: Դեռևս «Երևան ջրի» ժամանակ էինք ասում, որ կգա 2016 թվականը, կտեսնենք, թե «Երևան ջուրը» պայմանագրերը որքանով կատարեց, և տեսանք, որ առանց կատարելու՝ հեռացավ: Այսօր էլ չեն ասում՝ էս մարդիկ ինչը պետք է անեին, ինչը չեն արել, ինչի չեն արել, ինչ պատասխանատվություն են տվել, հիմա էլ ասում են՝ էս մարդիկ պետք է էս ներդրումն անեն, էն ներդրումն անեն, ու, ի վերջո, կանե՞ն, թե՞ չէ, սրա հետ կապված վերահսկողական մեխանիզմ չկա: Էն որ ասում են՝ խելոքները ուրիշների սխալների վրա են սովորում, անխելքները՝ սեփական, ես չգիտեմ՝ ինչպես կոչեմ մերոնց, որոնք իրենց սխալների վրա էլ չեն սովորում»:
Բ. Պիպոյանը համոզված է՝ ջրի թանկացումը կբերի նրան, ինչին միշտ բերել է՝ հերթական գնաճի, քաղաքացու դժգոհության: Հարցին, թե կոնկրետ ո՞ր ոլորտների վրա կազդի, ո՞ր ապրանքատեսակները կամ ծառայությունները կթանկանան՝ Բ. Պիպոյանն այսպես պատասխանեց. «Նշանակություն չունի այստեղ: Ամեն ինչը շղթայված ու փոխկապակցված է: Կամայական գնաճն իր հետ ունենում է էֆեկտ՝ այլ ապրանքների վրա որոշակի ազդեցություն»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե «Երևան ջուրն» իր պարտավորությունները չի կատարել, հարց է առաջանում՝ այդ ընկերությանն ի՞նչ սանկցիայի ենթարկեցին, որ մենք էլ ասենք՝ հիմնավորում կա՞, թե՞ չէ. «Հիմա մարդիկ ասում են՝ սիստեմը քանդված է, պետք է վերանորոգենք: Հիմա կարող է՝ ճիշտ են ասում, կարող է՝ սխալ, բայց ինչո՞ւ պետք է սիստեմը լիներ քանդված: Նույն տրամաբանությամբ՝ ասում են՝ այս ներդրումը պետք է անենք, այն ներդրումը պետք է անենք, եթե վերահսկողական մեխանիզմ, լծակ չկա, գնանք, տեսնենք՝ անո՞ւմ են, թե՞ չէ, ի՞նչ է փոխվելու»: