Բաժիններ՝

«Արմենիա» ավիաընկերության տնօրենը նոր տարվան ընդառաջ՝ ավիատոմսերի գնային փոփոխությունների, իրենց խնդիրների և «սևամորթի ռեյսերի» մասին

Նոր տարվան ընդառաջ՝ «Արմենիա» ավիաընկերությունը չվերթերի գնային փոփոխություններ է իրականացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը ներկայացրեց, թե ինչ անակնկալ են պատրաստել իրենց ուղևորների համար:

«Ինչպես հիշում եք, մեզ շատ դժվարությամբ, իհարկե, քաղաքացիական ավիացիայի և Հայաստանի կառավարության օգնությամբ, հաջողվեց այնպիսի ուղղությամբ չվերթեր իրականացնել, ինչպիսին Իսրայելն է: Նոր տարվան ընդառաջ՝ մենք որոշել ենք մի փոքրիկ անակնկալ մատուցել: Ինչպես նկատում եք, ավելի շատ մարդ է սկսել թռչել Հայաստանից Իսրայել և՝ հակառակը: Դրանից ելնելով, որպեսզի նաև ավելացնենք ուղևորների թիվը, դեկտեմբեր ամսին մենք առաջարկում ենք ընդամենը 220 դոլար հետադարձով տոմս՝ Երևանից-Թել Ավիվ՝ մեկ շաբաթով: Նույնը նաև Իսրայելից՝ Երևան: Ամսի 30-ին և 31-ին կլինեն հավելյալ չվերթեր դեպի Իսրայել, հետադարձով՝ հունվարի 6-ին և 7-ին: Մենք առաջարկում ենք դրա համար ընդամենը 175 դոլար: Որպեսզի Իսրայելի քաղաքացիներին ցույց տանք, թե ինչ է  իրենից ներկայացնում Հայաստանը, պետք է ինչ-որ բանով գրավենք՝ տալով հնարավորություն՝ ինչքան հնարավոր է՝ ավելի էժան այցելել Հայաստան»,- նշեց Ռ. Օգանեսյանը:

Նրա խոսքով՝ Իսրայելից բացի՝ իրենք դեկտեմբերի 18-ից վերականգնում են չվերթերը Բեյրութի հետ, որը ժամանակավորապես դադարեցրել էին. «Մենք նաև վերականգնում ենք չվերթերն Իրաքի հետ: Ինչպես հիշում եք, Քուրդիստանում հանրաքվե էր իրականացվում: Միայն անվտանգությունից ելնելով էինք դադարեցրել չվերթերը, բայց հիմա ամեն ինչ կարգավորվել է, ու մենք դեկտեմբերի 15-ից վերականգնում ենք չվերթերը»:

Հարցին, թե ի՞նչ խնդիրների է բախվում ավիաընկերությունը՝ Ռ. Օգանեսյանը պատասխանեց, որ խնդիրները շատ մեծ են. «Այդ խնդիրները ոչ միայն Հայաստանում են, այլև՝ ամբողջ աշխարհում: Խնդիրներ, իհարկե, կան, բայց դրանք լուծվում են և լուծելի են»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք օդանավակայանի ծառայությունների գինը բա՞րձր է: Ի պատասխան՝ Ռ. Օգանեսյանն ասաց. «Երբ մենք մի քանի տարի առաջ շուկա մտանք, բանակցություններ էինք տանում «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Բնականաբար, ստացել ենք որոշակի զեղչեր նրանցից, ու այսօրվա դրությամբ՝ ամեն նոր ուղղության հետ «Զվարթնոց» օդանավակայանը մեզ առաջարկում է 50 տոկոսանոց զեղչեր»:

Խոսելով Իսրայելից Հայաստան եկող տուրիստների թվի մասին՝ Արմենիա ավիաընկերության տնօրենն ասաց, որ իրենք շաբաթը երկու օր թռիչք ունեն. «Ամեն շաբաթ 10-50 մարդ հինգշաբթի գալիս է, կիրակի՝ հետ վերադառնում»:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն  ԱԺ-ում հայտարարել էր, որ հայերը թռչում են «սևամորթի ռեյսերով այն դեպքում, երբ տոմսերի գները շատ թանկ են»: Ռ. Օգանեսյանը չհամաձայնեց նրա հետ, որ տոմսերը թանկ են, իսկ մատուցվող ծառայությունների մասով էլ ասաց, որ դրանք կախված են ավիաընկերությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս