
Ջոն Լենոնի գողացված իրերը գտել են Բեռլինում

Գերմանիայի ոստիկանությունը 100-ից ավելի իրեր է հայտնաբերել, որոնք Ջոն Լենոնի տնից հափշտակվել էին 2006 թվականին: Հայտնաբերված իրերի թվում են երաժշտի երեք օրագրերը, տեղեկացնում է BBC-ին:
Այժմ օրագրերը, ինչպես նաեւ «Բիթլզի» համերգի մագնիտոֆոնային ձայնագրությունը, երկու ակնոց, նոտագրությունները եւ սիգարետի տուփը համընդհանուր դիտման են դրված Բեռլինի ոստիկանության գլխավոր վարչությունում: Գողոնը թաքցնելու կասկածանքով ձերբակալվել է 58-ամյա մի տղամարդ, հայտնել է ոստիկանությունը: Իրերը 2006 թվականին գողացել էին Լենոնի այրու՝ Յոկո Օնոյի՝ Նյու Յորքում գտնվող տնից:
Քննիչների խոսքով՝ առարկաների մեծ մասը հայտնաբերվել եւ բռնագրավվել է հուլիսին Բեռլինի աճուրդների տնից: Նույն այդ ժամանակ էլ սկսվել է հետաքննությունը եւ մնացած իրերի որոնումը: Յոկո Օնոն առարկաները ճանաչել է լուսանկարներով, որոնք նրան ցույց են տվել Նյու Յորքում Գերմանիայի հյուպատոսարանում:
Այդ մասին հայտնել են գերմանական ԶԼՄ-ները: Կասկածյալը նոյեմբերի 20-ին ձերբակալվել է Բեռլինում այն բանից հետո, երբ ոստիկանությունը խուզարկել է նրա տունը եւ ավտոմեքենաները: Բեռլինի դատախազության ներկայացուցիչ Մարտին Շտյոլտների խոսքով՝ հանցագործությանը մեղսակից եւս մեկ կասկածյալ ապրում է Թուրքիայում եւ ներկայում հասանելի չէ արդարադատության համար: Երկրորդ կասկածյալը եղել է Յոկո Օնոյի անձնական վարորդը:
Շտյոլտները չի ասել, թե գտնված իրերը երբ են վերադարձվելու Լենոնի տուն: «Բիթլզ» խմբի անդամներին պատկանող իրերն աճուրդներում վաճառվում են հսկայական գումարներով: